1111 դիտում
15:46 18-02-2015
Բուլղարիայի հայերի միությունը ողջունում է հայ-թուրքական արձանագրությունների հետ կանչելը
Բուլղարիայի Հայերի Միությունը ողջունում է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը, որով նա խորհրդարանից հետ է կանչել հայ-թուրքական արձանագրությունները, ասված է ԲՀՄ նախագահ Հարություն Հովսեփյանի հայտարարության մեջ.
«Թուրքիայի Հանրապետությունը, ի դեմս իր իշխանությունների, ևս մեկ անգամ ցույց տվեց ամբողջ աշխարհին, որ չընդունելով Հայաստանի կողմից հաշտության սկիզբ դնելու համար պարզված ձեռքը, անմիջական հետևորդն ու շարունակողն է իր նախնիների, ովքեր ծրագրեցին և իրականացրեցին Հայոց ցեղասպանությունը: Միանշանակորեն տեղին և արդարացված է Հայաստանի նախագահի քայլը, քանի որ Թուրքիան իր նախնիների կողմից կատարած հանցագործության համար ոչ միայն զղջումի ու ապաշխարության փորձ չի անում, այլ, ընդհակառակը, ավելի ու ավելի է հզորացնում հակահայ քաղաքականությունն ու Ցեղասպանության հանդեպ որդեգրած ժխտողականությունը:
Բոլորս ականատես ենք, թե ինչ լկտիությամբ թուրքական իշխանությունները փորձում են սրբապղծել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը, ապրիլի 24-ին, երբ ողջ հայությունը պիտի ոգեկոչի Մեծ Եղեռնի Հարյուրամյակը, կազմակերպում են մեծ տոնակատարություններ՝ նվիրված Գալիպոլիի ճակատամարտին: Գրեթե ամեն օր թուրք պաշտոնյաները օգտագործում են ամեն տեսակ առիթներ, որպեսզի ստելով և խեղաթյուրելով պատմությունը, ժխտեն Հայոց ցեղասպանության փաստը և որևէ կերպ չեն ցանկանում ընդունել իրենց պատասխանատվության բաժինը:
Հայ-թուրքական հարաբերություններում, հենց Թուրքիայի անթաքույց ցանկությամբ, օրակարգ էր բերվել նաև Ղարաբաղյան հիմնախնդիրը: Թուրքիան, բոլոր միջոցներով անմիջականորեն աջակցելով և պաշտպանելով Ադրբեջանի Հանրապետության ղեկավարությանը, որը առանց թաքցնելու վարում է հայատյաց քաղաքականություն, ամեն օր հարյուրավոր անգամներ խախտում է հրադադարի ռեժիմը՝ վտանգելով թե՛ հայ զինվորների, և թե՛ հասարակ քաղաքացիների կյանքը, միանշանակորեն ապացուցել է, որ գոնե այս պահին անիմաստ և ժամանակի կորուստ է հայ-թուրքական հարաբերությունների բարելավման մասին խոսելն անգամ:
Բուլղարիայի Հայերի Միությունը հուսով է, որ հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելուն կհետևի Հայաստանի Հանրապետության ստորագրության հետ վերցնելը այդ արձանագրություններից:
«Հիշում ենք և պահանջում»,-ասված է Հարություն Հովսեփյանի հայտարարության մեջ:
Նմանատիպ նյութեր
3088 դիտում
13:04 18-02-2015
Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է հայ-թուրքական արձանագրությունների հետկանչմանը
Այս բաժնից
820 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
850 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»