211652_close_icon
views-count2184 դիտում article-date 08:46 10-03-2015

Գրանցվել է ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների թիվի աճ. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ պաշտոնական վիճակագրության համաձայն, 2014 թ-ին Հայաստանում հանցագործությունների թվի կրճատում է արձանագրվել 2013-ի համեմատ: Եթե 2013-ին գրանցվել է 18 հազար 333 հանցագործություն, 2014-ին դրանց թիվը դարձել է 17 հազար 546: Երբ ուսումնասիրում ենք այդ վիճակագրության բացվածքը, բավական տխուր պատկերի ականատես ենք դառնում: Պարզվում է այս նվազման առյուծի բաժինը վերաբերվում է ոչ ծանր հանցագործություններին: Իսկ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների թիվը աճել է։ Ծանր հանցագործություններն աճել են 7.4 %-ով, իսկ առանձնապես ծանր հանցագործությունները մի ամբողջ 33%-ով: Եվ եթե այս տեսակետից ենք նայում հանցագործությունների թվի վերաբերյալ պաշտոնական վիճակագրությանը, հասկանում ենք, որ այն նորից ու կրկին չի արտահայտում կրիմինոգեն իրավիճակի իրական պատկերը, որովհետև չի կարող այդպես պատահել, որ ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունների թիվը աճի, իսկ մանր ու միջին ծանրության հանցագործությունների թիվը նվազի: Իսկ հանցագործությունների թվի վիճակագրությանը կրկին անդրադառնալու առիթ տալիս է այն, ինչ այս տարի կատարվում է հանրապետությունում: Յոթակի սպանություն Գյումրիում, եռակի սպանություն Երևանում, մեծ ռազբորկա Գյումրիում, կրակոցներ Երևանում, կրակոցներ Պռոշյանում, ևս մեկ կրկնակի սպանություն Շիրակի մարզում և այլն, և այսպես շարունակ: Ու չնայած պաշտոնական վիճակագրությունը, առանձնապես ծանր հանցագործություններից բացի, մնացած հանցագործությունների գծով այս տարվա հունվարին նվազում է արձանագրել նախորդ տարվա հունվարի համեմատ, քրեածին իրավիճակը Հայաստանում սկսել է շատերին անհանգստացնել: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր