211652_close_icon
views-count953 դիտում article-date 13:43 10-03-2015

Ավտոկայանատեղիների վճարումները կարելի կլինի կատարել նաև վճարային տերմինալներով

Մայրաքաղաքում վճարովի ավտոկայանատեղիների ներդրմանը զուգահեռ գործում էին վճարման մի քանի տարբերակներ: Այդուհանդերձ, ելնելով նաև միջազգային փորձից, սպասարկող օպերատորին`«Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերությանը առաջարկվեց ներկրել և վճարահաշվարկային ժամանակակից տերմինալներ տեղադրել ավտոկայանատեղիներին հարակից տարածքներում: Երևանի ավագանու որոշմամբ գործող վճարման ձևերին արդեն ավելացել են նաև վճարային տերմինալները, որոնց թիվն աստիճանաբար կշատանա: Դրանց տեղադրումը սկսվել է փետրվարից: Առաջին փուլով տեղադրվում են Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանների ավտոկայանատեղերի հարակից տարածքների վճարահաշվարկային տերմինալները, որից հետո, 2-րդ և 3-րդ փուլերով արդեն կտղադրվեն նաև այլ վարչական շրջաններում: Ի դեպ, այս տերմինալներով կարելի է վճարումներ կատարել նաև կոմունալ–կենցաղային, բջջային կապի և այլ ծառայությունների համար, ընդ որում՝ առանց միջնորդավճարի: Այս հարցում, որպես գործընկեր կառույց, «Փարկինգ Սիթի Սերվիսի» հետ համագործակցում են « S PAY » և « EASY PAY» ընկերությունները: Տերմինալները տեղադրվում են կամ վճարովի կայանատեղերի մասին վկայող ցուցանակի կողքին, կամ հարակից որևէ հարմար հատվածում: Սկզբունքն այնպիսին է, որ չլինի այնպիսի փողոց, որտեղ գործի կայանատեղի, սակայն բացակայի տերմինալը: Տերմինալների տեղադրմամբ դրանցից օգտվողների թիվը, ըստ հաշվարկների, կտրուկ կաճի, իսկ սխալվելու դեպքերի հավանականությունն ու սխալի պարզաբանման հետ կապված քաշքշուքները գրեթե կբացառվեն:

Նմանատիպ նյութեր