211652_close_icon
views-count886 դիտում article-date 14:55 16-03-2015

Արդարադատության նախարարն Արարատի մարզում ծանոթացել է մարզի բնակիչների խնդիրներին

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը մարտի 14-ին աշխատանքային այցով Արարատի մարզում էր: Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի հետ առանձնազրույցից հետո նախարարն ընդունել է մարզի բնակիչներին, ովքեր ներկայացրել են իրենց հուզող խնդիրները: Դրանք, բացի արդարադատության ոլորտին առնչվողներից, վերաբերել են նաև սխալ քարտեզագրման հետևանքով առաջացած հողային խնդիրներին, մի շարք օրենքների վերաբերյալ մեկնաբանություններ ստանալուն, կենցաղային և սոցիալական բնույթի այլ հարցերի: Մարզի բնակիչներին լսելուց հետո նախարարը հանձնարարել է իր ենթականերին, նախարարության լիազորությունների շրջանակում, լուծումներ առաջարկել բարձրացված հարցերի վերաբերյալ: Քաղաքացիների ընդունելությունից հետո Արդարադատության նախարարն այցելել է Արտաշատ քաղաքում գտնվող ՀՀ ԱՆ քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության գրասենյակ, Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տարածքային բաժին, ինչպես նաև նոտարական գրասենյակ: Հովհաննես Մանուկյանը ծանոթացել է համակարգի աշխատակիցների աշխատանքային պայմաններին, հետաքրքրվել նրանց խնդիրներով, որոնք, հիմնականում, վերաբերել են շենքային պայմանների բարելավմանը: Արտաշատից հետո արդարադատության նախարարը, մարզպետի ուղեկցությամբ, այցելել է Արարատ գյուղ՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան, որտեղ նրան դիմավորել է ՀՀ ազգային հերոսի եղբայր, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Արմեն Սարգսյանը: Հովհաննես Մանուկյանը ծաղիկներ է դրել Սպարապետի հուշարձանին, ծանոթացել տուն-թանգարանում ներկայացվող Վազգեն Սարգսյան պետական-քաղաքական գործչի, գրողի պատմությանը։ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հաջորդ կանգառը Հայաստանում ասորիներով բնակեցված ամենամեծ գյուղն էր՝ Վերին Դվինը: Նախարարը գյուղապետարանի շենքում հանդիպել է համայնքի բնակիչներին, ծանոթացել նրանց հուզող խնդիրներին: Հովհաննես Մանուկյանը, ողջունելով ներկաներին, կարևորել է ասորիների հետ հանդիպումը և նշել, որ դեռ Վրաստանում աշխատած տարիներից է ծանոթ ասորիների մշակույթին: Նախարարը շեշտելով անկաշկանդ զրույցի հակվածությունը՝ հորդորել է անկեղծորեն բարձրաձայնել ազգային փոքրամասնություններին առնչվող ցանկացած հարց: Համայնքի ղեկավար Լյուդմիլա Պետրովան ընդգծել է, որ այդ առումով որևէ խնդիր չկա, և ՀՀ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների հարցերին: Զրույցի ընթացքում գյուղացիների ներկայացրած խնդիրները վերաբերել են Ջրօգտագործողների ընկերության նկատմամբ հարկային պարտավորությունները չկատարելու հետևանքով դատական ակտերի հարկադիր կատարմանը, դատապարտյալների՝ պայմանական վաղաժամկետ ազատմանը, ասորերենից հայերեն լիցենզավորված թարգմանչի բացակայությանը: ՀՀ արդարադատության նախարարը պարզաբանումներ է ներկայացրել և խոստացել՝ նախարարության լիազորությունների շրջանակում տալ համապատասխան լուծումներ: Վերին Դվինի բնակիչներից մեկը պատմել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայելու ընթացքում ադրբեջանական կողմից արձակված գնդակից վիրավորված ասորի երիտասարդին հաշմանդամության համապատասխան կարգ չտրամադրելու մասին: Հանդիպմանը ներկա ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Արմեն Սարգսյանը խնդրի լուծման նպատակով խոստացել է անձամբ ընդունել վիրավոր զինվորի հարազատներին և հարցին լուծում տալ: Հովհաննես Մանուկյանը, հրաժեշտ տալով ներկաներին, համայնքի ղեկավարին հորդորել է Արդարադատության նախարարության համակարգին առնչվող յուրաքանչյուր խնդրի դեպքում դիմել իրեն: Աշխատանքային այցին մասնակցել են նաև ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Դավիթ Ղուլյանը, ՀՀ ԱՆ աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը, ՀՀ ԱՆ աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետ Միքայել Մինասյանը, այլք:

Նմանատիպ նյութեր