211652_close_icon
views-count1239 դիտում article-date 16:42 19-03-2015

Գործադիրը հավանություն է տվել միջազգային մի շարք վարկային համաձայնագրերին

Գործադիրը հավանություն է տվել ՀՀ կառավարության և ՉԺՀ կառավարության միջև 2015-2018թթ. Չինական Ժողովրդական Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետությանն արտոնյալ պայմաններով վարկեր տրամադրելու շրջանակային համաձայնագրի կնքման առաջարկությանը: Համաձայնագրով ՉԺՀ կառավարությունը սկզբունքորեն համաձայնում է Չինաստանի ներմուծման-արտահանման բանկի միջոցով ՀՀ կառավարությանը՝ ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության, տրամադրել արտոնյալ պայմաններով վարկեր: Նախատեսվում է ստորագրել «Հայաստանի մաքսային զննման տեխնոլոգիաների և սարքավորումների արդիականացման ծրագիր» արտոնյալ պայմաններով մոտ 155.5 մլն չինական յուան (մոտ 25.3 մլն ԱՄՆ դոլար) արժողությամբ վարկային համաձայնագիրը, ըստ որի վարկի արժույթը լինելու է չինական յուանը, մարման ժամկետը՝ 20 տարի, որից 5-ը՝ արտոնյալ: Հաջորդ որոշմամբ կառավարությունը համաձայնություն է տվել ՀՀ կառավարության և ՉԺՀ ներմուծման-արտահանման բանկի միջև կնքվելիք վարկային համաձայնագրի նախագծին: Նիստում հավանություն է ստացել ՀՀ կառավարության և ՉԺՀ կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը: 1999 թվականից ՉԺՀ կառավարությունն անհատույց օգնություն է տրամադրում ՀՀ կառավարությանը: Այս անգամ ցուցաբերվելու է 60 մլն յուանի անհատույց տեխնիկական օգնություն՝ ՀՀ Հանրային հեռուստաընկերության համար հեռուստատեսային տաղավարի կառուցման նպատակով: Ավելի քան 10 տարի է, ինչ ֆինանսական համագործակցության համաձայնագիր է կնքվում ՀՀ կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունների միջև: Հերթական փաստաթղթի ստորագրմամբ ՀՀ կառավարությունը Վերականգնման վարկերի բանկից ֆինանսական օժանդակություն կստանա մի շարք ծրագրերի իրականացման համար:

Նմանատիպ նյութեր