211652_close_icon
views-count1917 դիտում article-date 10:46 21-03-2015

ԵՏՄ քննարկումներում Հայաստանի մասին մոռանում են. 168 Ժամ

«168 ժամ» թերթի այսօրվա առաջնորդողում կարդում ենք. «Երեկ Աստանայում կայացել է Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի գործընկեր Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահների հետաձգված հանդիպումը, որի ընթացքում, ինչպես նախապես էր հայտարարվել, քննարկվել են ԵՏՄ-ին վերաբերող բազմաթիվ հարցեր: Առանց ԵՏՄ անդամ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի: Այդ բազմաթիվ հարցերից մեկը վերաբերել է նաև Հայաստանում մտահոգություններ առաջացրած միասնական արժույթի ստեղծման հեռանկարներին: Բայց, ի ուրախություն մեզ, Հայաստանի մասին մոռացել են նաև այդ հարցի քննարկման ժամանակ: Մասնավորապես, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե ժամանակն է, որպեսզի Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը ձեռնամուխ լինեն արժութային միության ստեղծման մասին բանակցություններին: «Մենք գործընկերների հետ պայմանավորվել ենք շարունակել դրամավարկային քաղաքականությունը: Կարծում եմ, որ եկել է ժամանակը՝ խոսելու նաև հեռանկարում արժութային միության ձևավորման հնարավորության մասին»,- ասել է Պուտինը: Եվ կրկին՝ ոչ մի խոսք Հայաստանի մասին: Այն դեպքում, երբ միասնական արժութային միություն նախատեսվում էր ստեղծել ԵՏՄ-ի շրջանակներում՝ ոչ թե այսքան շուտ, այլ՝ առնվազն տասը տարի հետո: Հիմա իրավիճակը փոխվել է, և Պուտինը ցանկանում է արագացնել միասնական արժույթի ստեղծման գործընթացը: Դատելով նրա հայտարարությունից, սակայն, դա նշանակում է, որ արժութային միությունը վերաբերելու է ոչ թե ԵՏՄ-ին, այլ Ռուսաստանին, Ղազախստանին և Բելառուսին: Այս ամենը վկայում է, որ իրականում դե ֆակտո Հայաստանը ԵՏՄ անդամ չէ և այդպիսին չի դիտարկվում իր «գործընկերների» կողմից: Ի դեպ, երեք երկրների նախագահները երեկ պայմանավորվել են, որ իրենց հաջորդ հանդիպումն անցկացնելու են մայիսի 8-ին՝ Մոսկվայում: Կրկին՝ առանց Հայաստանի: Իսկ դա ուշագրավ է նաև նրանով, որ մայիսին կայանալու է նաև Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթաժողովը, որին պատրաստվում է մասնակցել նաև Հայաստանը»: Առաջնորդողն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր