1003 դիտում
18:00 26-03-2015
Վարչապետը ծանոթացել է սննդի եւ դեղերի անվտանգության փորձագիտական ժամանակակից լաբորատորիայի գործունեությանը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Կոտայքի մարզի Նոր գյուղ համայնքում գտնվող «Տոնուս-Լես» ընկերության սննդի եւ դեղերի անվտանգության փորձագիտական ժամանակակից լաբորատորիա:
Կառավարության ղեկավարը շրջել է լաբորատորիայում, ծանոթացել փորձագիտական աշխատանքների ընթացքին, գործունեությանը եւ ձեռքբերումներին:
Լաբորատորիան հնարավորություն է տալիս հանրապետությունում արտադրվող, ներկրվող դեղերի ու սննդի համար իրականացնել որակի եւ կենսահամարժեքության, ինչպես նաեւ կենսաբանական եւ մանրէաբանական փորձաքննություններ` նպաստելով դրանց որակական չափանիշների ապահովմանը:
Ներկայացնելով ձեռքբերումները՝ ընկերության ղեկավարները տեղեկացրել են, որ հայաստանյան այս լաբորատորիան վերջերս ստացել է միջազգային ISO 9001-2008 հավատարմագրում, որը տարածաշրջանում առաջինն է: Նշվել է, որ միջազգային հավատարմագրումը հնարավորություն կտա տեղական արտադրողներին արտերկրի փոխարեն տեղում ստանալ արտադրանքի լաբորատոր փորձագիտական եզրակացությունը եւ որակի հավաստագիրը, ինչն էլ էապես կկրճատի ընկերությունների ծախսերն ու ժամանակը: Համապատասխան քայլեր են իրականացվել նաեւ որակյալ կադրերի պատրաստման ուղղությամբ, ամրապնդվել է միջազգային համագործակցությունը:
Վարչապետ Աբրահամյանը կարեւորել եւ ողջունել է լաբորատորիայի միջազգային հավատարմագրումը եւ նշել, որ այն հնարավորություն կտա խթանել տեղական որակյալ արտադրանքի արտադրությունը, արտադրանքի վերաբերյալ ստանալ հավաստի տվյալներ, ավելացնել արտահանման ծավալները եւ ամրապնդել սպառողների շահերի պաշտպանությունը: Կառավարության ղեկավարը կարեւորել է լաբորատորիայի հետագա զարգացումը, որակյալ փորձագիտական գործունեությունը եւ գործարարների մոտ վստահության պահպանումը:
Լաբորատորիայի ղեկավարության հավաստիացմամբ, միջազգային հավատարմագրման արդյունքում լաբորատորիայի ներկայացրած եզրակացությունը հիմք կընդունվի աշխարհի բոլոր երկրներում:
Լաբորատորիան ունի գերմանական, շվեյցարական, ճապոնական եւ իսրայելական արտադրության ժամանակակից սարքավորումներ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
694 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»