211652_close_icon
views-count1194 դիտում article-date 12:56 27-03-2015

Կորսված ժառանգության հետքերով. ազգային երգ ու պարի դասավանդում՝ մարզերում և սփյուռքում

«Հայրիկ Մուրադյան» մշակութային հասարակական կազմակերպության ջանքերով առաջիկա 6 ամիսների ընթացքում Գավառ, Եղեգնաձոր, Արմավիր, Գյումրի, Պորտուգալիայի Լիսաբոն քաղաքներում շուրջ 700 հայ պատանիներ և երիտասարդներ մասնակցելու են իրենց նախնիների մշակույթի մասին իրազեկող միջոցառում-դասընթացների, սովորելու են ազգային երգն ու պարը։ Նախաձեռնությունը կրում է «Կորսված ժառանգության հետքերով» խորագիրը և կյանքի է կոչվել ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում՝ «Ցեղասպանություն և մշակույթ» անվանակարգում։ «Հայրիկ Մուրադյան» ՀԿ-ի նախագահ Նարինե Դելլալյանը նշում է, որ այսօր հեռացել ենք մեր պապերի թողած ժառանգությունից՝ հայտնվելով օտար ազդեցությունների տակ։ Եվ անհրաժեշտ է, որպեսզի վերադառնանք ակունքներին, ինչը մեր ազգային դիմանկարն է կերտում։ ՀԿ նախագահը, պատմելով երիտասարդների հետ հանդիպումների մասին, ասում է, որ երբ վերջիններիս ներկայացվում են մեր մշակութային արժեքները, նկատելի է, թե ինչ մեծ ոգևորությամբ, սիրով են դառնում են դրանց կրողները։ Դասընթացները մարզերում անցկացնում է «Կարին» ավանդական երգ ու պարի համույթը։ Եվ որպես մնայուն արժեք ծրագրի շրջանակներում 500-ական օրինակով կթողարկվեն նաև ձայնասկավառակ և տեսասկավառակ։ Ձայնասկավառակում տեղ կգտնի Հայրիկ Մուրադյանի կողմից կատարվող 8 երգ, իսկ տեսասկավառակում ներկայացված կլինի 8 ազգագրական պարի կատարում ու ուսուցում՝ իրենց բացատրություններով։ Սկավառակներում կտեղադրվի նաև տեղեկատվական գրքույկ, որտեղ ամփոփված կլինեն երգերի նոտաներն ու բառերը, ինչպես նաև՝ ինֆորմացիա՝ ներկայացվող պարերի, դրանք գրառողների մասին։ Սկավառակները կբաժանվեն ծրագրի մասնակիցներին, դպրոցներին և կպահպանվեն գրադարաններում ու արխիվներում։ Նարիներ Դելլալյանը տեղեկացնում է, որ յուրաքանչյուր մարզում կկազմակերպվի երկուական հանդիպում. «Մենք հասկանում ենք, որ երկանգամյա հանդիպումները բավարար չեն, բայց ամենակարևոր նպատակը դրանց միջոցով երեխաների ու երիտասարդների մեջ հետաքրքրություն ու կայծ առաջացնելն է, որից հետո նրանց մոտ կառաջանա ազգային տարրերը, ավանդույթները կրելու ցանկությունը։ Հոգևոր առաջընթացի համար շատ կարևոր է, որպեսզի մեր ժառանգության կրողն ու տարածողը լինենք»։ Նարինե Դելլալյանն ընդգծում է, որ եթե մայրաքաղաքում բազմաթիվ միջոցառումներ, բացօթյա դասընթացներ են կազմակերպվում ավանդական երգ ու պարի ուսուցման համար, մարզերում նման նախաձեռնությունները բացակայում են։ Ուստի շատ կարևոր են հենց մարզային հանդիպումները։ Նա նաև ողջունում է Երիտասարդական հիմնադրամի աշխատակազմի ընտրած աշխատանքային ոճը, որն ապահովում է տարբեր ՀԿ-ների համագործակցության դաշտ՝ այսպիսով ընդգրկելով ծրագրի մասնակիցների ավելի մեծ քանակ։ Ազգային երգ ու պարի դասընթացներ կանցկացվեն նաև Պորտուգալիայում՝ Լիսաբոնում։ Սփյուռքում առավել, քան Հայաստանում նման միջոցառումների կարիքը զգում են։ Լիսաբոնում հայկական համայնքը փոքր է և ոչ այնքան ակտիվ։ Այստեղ շփումն ազգային արժեքների հետ շատ քիչ է։ Եվ նախաձեռնողները հույս ունեն, որ ծրագիրը հետաքրքրություն կառաջացնի հայ երիտասարդների մոտ, ինչպես նաև՝ ևս մեկ անգամ հայրենիք վերադառնալու, հայրենանվեր գործ անելու ցանկություն։

Նմանատիպ նյութեր