211652_close_icon
views-count745 դիտում article-date 16:16 27-03-2015

Է. Շարմազանովն ընդունել է եզդիական համայնքի ներկայացուցիչներին

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հրավերով մարտի 27-ին Ազգային ժողով էին այցելել Հայաստանում եզդիական համայնքի ներկայացուցիչներ Ազիզ Թամոյանը, Բորիս Թամոյանը, Համլետ Սմոյանը, Զուզան Խուբոյանը, Ռուստամ Բաքոյանը, Մամե Ամիրյանը, Գառնիկ Ասատրյանը, Ռզգան Շամոյանը, Ամո Շարոյանը, Խդր Թամոյանը եւ Ռաշիդ Շամոյանը: Հանդիպման թեման տարբեր ազգերի նկատմամբ իրականացված ոճրագործությունների դատապարտման հարցն էր: ԱԺ փոխնախագահը մեկ անգամ եւս դատապարտել է ամիսներ առաջ Հյուսիսային Իրաքում եզդիների նկատմամբ իրականացված բռնությունները եւ հիշեցրել, որ այդ մասին իր ելույթում ՄԱԿ-ի բարձր ամբիոնից խոսել եւ տեղի ունեցած բռնությունները դատապարտել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Հանդիպմանը, մասնավորապես, պայմանավորվածություն է ձեռքբերվել առաջիկայում ՀՀ Ազգային ժողովում կազմակերպել Հյուսիսային Իրաքում եզդիների նկատմամբ իրականացված բռնությունները պատկերող վավերագրերի, հոդվածների եւ լուսանկարների ցուցադրություն: Միաժամանակ տեղի կունենա գրքի շնորհանդես, որի տպագրությունն իրականացվել է շնորհիվ ՀՀ Նախագահի կողմից տրված դրամաշնորհի: Նշենք, որ գիրքը փաստարկված ներկայացնում է Հյուսիսային Իրաքում ամիսներ առաջ տեղի ունեցած բռնությունները: Քննարկվել է նաեւ Օսմանյան Թուրքիայում եզդիների նկատմամբ իրականացված բռնությունների վերաբերյալ հարցը: ԱԺ փոխնախագահը տեղեկացրել է, որ առաջիկա հուլիսին Երեւանում տեղի է ունենալու «Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի» նիստը: Նա եզդիական համայնքի անդամներին առաջարկել է ունեցած փաստերը ներկայացնել այդ կառույցի քննարկմանը: Հյուրերից Բորիս Թամոյանը, շնորհակալություն հայտնելով հրավերի համար, տեղեկացրել է, որ այսօր արդեն հավաքված են բազմաթիվ փաստավավերագրական նյութեր, որոնք ներկայացնում են Օսմանյան կայսրությունում եզդի ժողովրդի նկատմամբ իրականացված բռնությունները: ԱԺ փոխնախագահն առաջարկել է ստեղծել խումբ, որը կշարունակի հավաքել նյութեր եւ կներկայացնի «Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիային»:

Նմանատիպ նյութեր