211652_close_icon
views-count1121 դիտում article-date 18:35 31-03-2015

Երեխաների անվտանգության ապահովմանն ուղղված ոստիկանության հերթական ծրագիրը՝ իրականություն է. ֆոտոռեպորտաժ և տեսանյութ

Մարտի 31-ին ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունում լրագրողների հետ հանդիպման նպատակը երեխաների շրջանում երթեւեկության կանոնների ուսուցմանն ուղղված ծրագրի մեկնարկն էր: Ողջունելով ներկաներին՝ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը նշեց. «Երեխաների անվտանգությունը մեր բոլորի պարտականությունն է՝ ոստիկանի, ծնողի, ուսուցչի, երեխաների ավագ քույրերի ու եղբայրների: Մենք պարտավոր ենք ամեն օր, ամեն ժամ երեխաներին ուսուցանել անվտանգության այն տարրական կանոնները, որոնք հնարավորություն կտան նրանց զերծ մնալ անցանկալի միջադեպերից: Միանշանակ է, որ անվտանգությունն արդյունավետ կարող է լինել միայն այն դեպքում, երբ երեխաները տիրապետեն, այսպես ասած, անվտանգության այբուբենին: Այդ իսկ նպատակով ոստիկանությունն իր առջեւ խնդիր էր դրել ստեղծել այնպիսի մի ձեռնարկ, որը գրավիչ կլիներ դպրոցական տարիքի երեխաներին: Այսօր ոստիկանության ծառայողները կլինեն մայրաքաղաքի դպրոցների առաջին դասարաններում եւ կնվիրեն ուսուցողական խաղ-ձեռնարկներ, ինչը հնարավորություն կտա ուսուցիչներին «Փոքրիկ ոստիկանի» օգնությամբ ուսուցանել երթեւեկության կանոնները»: Խոսելով անչափահասների շրջանում ոստիկանության կողմից պարբերաբար իրականացվող բազմաբնույթ միջոցառումների մասին՝ քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ Նելլի Դուրյանը նշեց. «Երեխաների անվտանգությունը մշտապես գտնվում է ոստիկանության ուշադրության կենտրոնում: Մենք պարբերաբար միջոցառումներ ենք իրականացնում, մեր ոստիկաննեը այցելում են դպրոցներ: Ոստիկանությունը համոզված է, որ երեխաների հետ անվտանգության մասին պետք է խոսել տարրական դասարաններից, ինչու չէ՝ նաեւ նախադպրոցական տարիքից»: Մայրաքաղաքի դպրոցների առաջին դասարանցիները սրտատրոփ սպասում էին հյուրերին, գիտեին, որ հաճելի անակնկալ է լինելու: Հյուրերը ոստիկաններ էին՝ անչափահասների գործերով տեսուչներ, ճանապարհային ոստիկանության եւ պարեկապահակետային ծառայության աշխատակիցներ: Իսկ անակնկալը «Փոքրիկ ոստիկանը» ուսուցողական խաղ-ձեռնարկների տրամադրումն էր երեխաներին: Երեխաները խաղ-ձեռնարկի օգնությամբ փորձեցին ցուցադրել երթեւեկության կանոնների իրենց իմացությունը, իսկ ոստիկաններն օգնեցին միասին հաղթահարելու հոծ երթեւեկության դժվարությունները: Ամեն ինչ տեսանելի էր, շոշափելի, նաեւ հաղթահարելի՝ եթե գիտես երթեւեկության կանոնները: Այսուհետ այս փոքրիկները ոստիկանության ընձեռած յուրօրինակ հնարավորության շնորհիվ ինքնուրույն կյուրացնեն երթեւեկության կանոնները, կսովորեն ճանապարհային նշանները, կամրագրեն այդ կանոններն անվերապահորեն պահպանելու գիտակցումը: Նշենք, որ ծրագրի իրականացմանը ոգեւորությամբ արձագանքեց «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը եւ նպաստեց, որ ոստիկանության գեղեցիկ նախաձեռնությունն իրականություն դառնա: Ծրագիրն իրականացնելուն աջակցեց նաեւ «Անտարես» հրատարակչությունը: Ոստիկանության աշխատակիցներն առաջիկայում ուսուցողական խաղ-ձեռնարկներ կտրամադրեն նաեւ Գյումրիի առաջին դասարաններին: Նախագծի մեկնարկի ժամկետը պայմանավորված է նրանով, որ առջեւում ամառային արձակուրդներն են, եւ դրսում ավելի շատ ժամանակ անցկացնող երեխաները երթեւեկության կանոնների իմացության անհրաժեշտությունն անպայման ունենալու են: Իսկ ընդհանրապես, երեխաների դաստիարակությանն ու անվտանգության ապահովմանն ուղղված ոստիկանության ծրագրերը շարունակական են լինելու: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր