211652_close_icon
views-count1543 դիտում article-date 19:49 02-04-2015

Գալուստ Սահակյանի ելույթը Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատում

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր, ապրիլի 2-ին, ելույթ է ունեցել Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատում. Հարգարժան՛ նախագահ Օմիրու, Հարգարժան՝ պարոն Մահտեսյան, Հարգելի՛ պատգամավորներ, Սիրելի՛ կիպրացիներ, Ցանկանում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել Ներկայացուցիչների պալատի նախագահ պարոն Յանակիս Օմիրուին Կիպրոսի Հանրապետություն այցելելու հրավերի, ինչպես նաև Հայաստանի համար եղբայրական ժողովրդի և ավանդական բարեկամ պետության խորհրդարանում ելույթով հանդես գալու պատվին արժանանալու համար: Ես ժամանել եմ մի երկիր, որը դարեր շարունակ Հայաստանի նկատմամբ իր եղբայրական վերաբերմունքն է ցուցաբերել: Այս հանգամանքը մեծապես պայմանավորված է պատմական ընդհանրություններով, մեր գրեթե նույն ճակատագրերով: Հայաստանի և Կիպրոսի բարեկամությունը խարսխված է ոչ միայն հարուստ պատմական, մշակութային կապերի, այլև մեր ժողովուրդների միջև հաստատված փոխըմբռնման ու փոխվստահության, ընդհանուր արժեհամակարգի, փոխադարձ հարգանքի ու համակրանքի վրա: Արդյունքում՝ հայ-կիպրական ամուր բարեկամությունն է: Կիպրոսի հայությունը սփյուռքի ամենահին և ավանդական համայնքներից է, որը, ըստ տարբեր աղբյուրների՝ սկսել է ձևավորվել դեռևս 12-րդ դարում: Սովորական բառերը թերևս ի զորու չեն նկարագրել, թե ինչ փորձությունների միջով է անցել հայ ժողովուրդն Օսմանյան կայսրության տիրապետության օրոք: Կիպրոսի ժողովուրդը դա շատ լավ գիտի. մեզ վիճակված է եղել կիսել պատմության այդ դառը և դաժան էջը: Միջերկրական ծովի ափին գտնվող մի երկրում հայերի նկատմամբ պետականորեն ցեղասպանություն ու բռնի տեղահանություն էր իրականացվում, իսկ նույն ծովի մյուս ափին մեկ այլ երկիր գրկաբաց ապաստան տվեց այդ ցեղասպանությունից մազապուրծ հայ գաղթականներին: Այսօր այդ գաղթականների սերունդները հնարավորություն ունեն ապրելու և արարելու ազատ՝ առանց իրենց ազգային ինքնությունն ու ծագումը թաքցնելու։ Իմ հայրենակիցները՝ որպես Կիպրոսի Հանրապետության քաղաքացիներ, լիովին ինտեգրված են այս երկրի հասարակությանը, ակտիվ մասնակցություն, ինչպես նաև կառուցողական դերակատարում և ներդրում ունեն իրենց երկրորդ հայրենիքի՝ Կիպրոսի, հասարակական և քաղաքական կյանքում: Եվ այստեղ, խոնարհվում եմ կիպրացի ժողովրդի առջև ցեղասպանությունից մազապուրծ հայ գաղթականներին ապաստան, նոր կյանքի հնարավորություն և նոր հայրենիք տրամադրելու համար: Այսօր ես պատիվ ունեմ ելույթով հանդես գալու մի խորհրդարանում, որն աշխարհում առաջիններից, իսկ Եվրոպայում առաջինը, դեռևս 1975 թվականին, ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը՝ պահանջելով պատմական արդարության վերականգնում: Մենք բարեկամներ ենք ոչ միայն այսօրվա փոխհարաբերություններով, այլև ճակատագրով: Ցավոք, այդ նմանությունը նաև տխուր հիշողությունների ու պատմական անարդարության հետ է կապված: Ձերդ գերազանցություն պարոն Օմիրու, Հարգելի պատգամավորներ, Ինչպես գիտեք, 2015 թվականին լրանում է Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված Ցեղասպանության 100-ամյակը: Մեր խորին երախտագիտությունն եմ հայտնում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևի ընդունման համար: Սիրելի բարեկամներ, Ձեր կողմից այդ բանաձևի ընդունումը ամրագրում է հստակ <Ոչ>-ը համամարդկային ամոթի խարան դարձած այլատյացության, ռասիզմի և խտրականության հանդեպ: Ցեղասպանությունը ոչ միայն մարդկության դեմ ոճիր է, այլև ֆաշիզմի և անհանդուրժողականության ցայտուն դրսևորում, կյանքի իրավունքի կոպիտ ոտնահարում: Հիրավի, այդ արհավիրքը վերապրած ժողովուրդները յուրահատուկ առաքելություն ունեն նման ողբերգությունների կրկնությունը բացառելու գործում: Նման սարսափելի հանցագործության կրկնության կանխարգելման կարևորագույն գործոններից մեկը մարդկության դեմ արդեն կատարված հանցագործությունների ճանաչումն ու դատապարտումն է: Փոխվստահության և համերաշխության նույն ոգին, որ դարեր շարունակ միավորել է հայ և հելլեն ժողովուրդներին պետք է համախմբի մեզ բաժին հասած ընդհանուր ողբերգության՝ ցեղասպանության ճանաչման, դատապարտման, պատմական արդարության վերականգնման, ինչպես նաև նման ոճրագործությունների հետագա կանխարգելման գործում: Այս համոզմունքով սույն թվականի մարտի 24-ին ՀՀ Ազգային ժողովը միաձայն ընդունել է Օսմանյան կայսրության կողմից Պոնտոսի հույների և ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն: Ցեղասպանության ժխտումը նույն հանցագործության ուղղակի շարունակությունն է: Մենք երախտապարտ ենք Կիպրոսի Հանրապետության Նախագահ Նորին գերազանցություն Նիկոս Անաստասիադեսին 2015 թվականին նախատեսվող Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություններին մասնակցելու վճռականության համար։ Մեծարգո Նախագահ Անաստասիադեսի գլխավորած պատվիրակության ներկայությունը կլինի Կիպրոսի՝ համամարդկային արժեքներին անմնացորդ նվիրվածության, ինչպես նաև Կիպրոսում ամուր արմատներ ձգած հայ համայնքի նկատմամբ մեծագույն հարգանքի ամենախոսուն վկայությունը: Սիրելի բարեկամներ, Ճակատագիրը մշտապես փորձությունների է ենթարկել մեր երկու ժողովուրդներին՝ նրանց անընդհատ պարտադրելով ապացուցել ապրելու կամքն ու կարողությունը: Մեզ ճակատագրի բերումով բաժին հասած փորձությունների պատճառը նույն երկիրն է, որ 20-րդ դարասկզբին հայության ու մարդկության դեմ կատարած մեղսագործությունը շարունակել է 1974թ-ին՝ բռնությամբ զավթելով Կիպրոսի հողերը: Հայաստանը երբեք չի ընդունել և չի ընդունի եղբայրական Կիպրոսը մասնատելու որևէ փորձ: Մենք՝ ձեզ հետ միասին հիշում ենք Ֆամագուստան և Թուրքիայի կողմից բռնազավթած այլ տարածքների մասին: Հայաստանը բարձր է գնահատում կիպրական հիմնախնդրի լուծմանն ուղղված Կիպրոսի Հանրապետության կառուցողական մոտեցումը: Ցավում ենք, որ Կիպրոսի Հանրապետության ղեկավարության խոհեմ քաղաքականությանն ի պատասխան՝ Թուրքիան որդեգրեց խիստ ապակառուցողական մոտեցում և իր սադրիչ քայլերով խաթարեց Կիպրոսի հիմնահարցի լուծմանն ուղղված վերջին փուլի ընթացքը: Մենք քաջատեղյակ ենք Թուրքիայի կառավարության այդ գործելաոճին և մեր մաշկի վրա զգալով նման հարևանի հետ հարաբերվելու դժվարություններն, առավել քան հասկանում ենք ձեզ: Ցավոք, Թուրքիան մինչ օրս շարունակում է սրել իրավիճակը Կիպրոսի հանդեպ իր ագրեսիվ գործողություններով և ռազմական ուժ կիրառելու սպառնալիքներով՝ ապակայունացնելով ողջ տարածաշրջանը: Մենք դատապարտում ենք թուրքական կողմի անօրինական, բարբարոսական, սադրիչ գործողություններն ու ոտնձգությունները Կիպրոսի Բացառիկ տնտեսական գոտում: Կիպրոսի հիմնահարցում Հայաստանը մշտապես աջակցել և աջակցելու է, սատարել և սատարելու է Կիպրոսին՝ հանուն եղբայրական երկրի վերամիավորման, հանուն պատմական արդարության վերականգնման, հանուն խաղաղ կարգավորման և խնդրի արդարացի լուծման:

Նմանատիպ նյութեր