211652_close_icon
views-count4021 դիտում article-date 22:34 22-05-2018

Սփյուռքի նախարարն ընդունել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում կիպրահայ համայնքի պետական ներկայացուցչին

Այսօր՝ մայիսի 22-ին, ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունեց Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում կիպրահայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանին: Ողջունելով հյուրին՝ Սփյուռքի նախարարը նշեց, որ նախարարության համար առաջնային խնդիր են Հայաստան-Սփյուռք կապերի պահպանումն ու զարգացում: «Սփյուռքը բազմերանգ է, բազմաշերտ ու բարդ: Արդյունավետ գործելու համար հարկավոր է կամք, պատրաստակամություն, ինչը մենք ունենք: Պետք է սկսենք ակտիվ գործել»,-նշեց նախարարը: Շնորհավորելով Մխիթար Հայրապետյանին ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ՝ Վարդգես Մահտեսյանն ընդգծեց, որ Սփյուռքի նախարարությունը իրենց համար կարևոր կառույց է: «Կշարունակենք մեր գործակցությունը, ավելի կմշակենք այն ու կսերտացնենք: Թե՛ Հայաստանի հանրությունը, թե՛ Սփյուռքը նոր կառավարությունից մեծ ակնկալիքներ ունի: Չափազանց ուրախ եմ, որ աշխարհին ցույց տվեցինք մեր միասնականությունը, առանց մեկ կաթիլ արյան հաղթահարեցինք դժվարությունները: Այսօր ժողովրդի դեմքին ժպիտ կա, գոհունակության զգացում: Առավել ուրախ եմ, որ կառավարության կազմում ներգրավված են երիտասարդ ուժեր»,-նշեց հյուրը: Երկուստեք քննարկվեցին նախարարության ծրագրերին առնչվող հարցեր: Մասնավորապես ադրադարձ կատարվեց նախարարության «Արի տուն» ծրագրին: Նախարար Մխիթար Հայրապետյանը նշեց, որ այս տարի ծրագրերն իրենց բնականոն հունով կընթանան, հնարավորության դեպքում կկատարվեն որոշակի տեխնիկական բարեփոխումներ: «Մյուս տարի մեր ծրագրերը փոփոխություններ կկրեն: Մեր բոլոր քայլերը միտված են լինելու միմիայն աշխատանքի բարելավմանը»,-ընդգծեց Սփյուռքի նախարարը: Հանդիպման ավարտին Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում կիպրահայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը նախարար Մխիթար Հայրապետյանին մաղթեց արդյունավետ աշխատանք և սերտ գործակցություն Սփյուռքի հետ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր