211652_close_icon
views-count1202 դիտում article-date 10:55 03-04-2015

Հենց այդ աշխարհընկալումն են շահագործում մեր քաղաքական գործիչները՝ իրենց նպատակին հասնելու համար. «Առավոտ»

Ներկայացնում ենք հատված` «Առավոտ» թերթի խմբագրականից. ««Դեֆիցիտի մտածողության» [scarcity mindset՝ թարգմանությունն իմն է և կարող է հաջող չլինել, բայց իմաստը պարզ է] համաձայն բարիքների քանակն աշխարհում սահմանափակ է, և այն, ինչը չի հասել քեզ, հասել է ուրիշին: Ստացվում է, որ ամբողջ մարդկությունը, իրար հրհրելով, ձգտում է մոտենալ այդ մեկ կարկանդակին` փորձելով կծել առավել մեծ կտոր, և եթե դուք որևէ ոլորտում տեսնում եք որևէ մեկի հաջողությունը, դուք վստահ եք, որ այդ մեկն այդ հաջողությունը փախցրել է ձեզնից, ձեզ զրկել է ինչ-որ բանից, ձեզ թալանել է: Հենց այդ մտածողությունն ենք մենք ներդնում երեխաների մեջ տանը, մանկապարտեզում, դպրոցում, հենց այդ աշխարհընկալումն են շահագործում մեր քաղաքական գործիչները՝ իրենց նպատակին հասնելու համար: Դրա հակապատկերն է «առատության մտածողությունը» [abundance mindset], ըստ որի՝ ամեն ինչ աշխարհում լիքն է, բոլորին հերիքում է, մեկի ունենալը մեխանիկորեն չի նշանակում մյուսի «պակասորդը», և կյանքը ուրիշի հետ համեմատվելու և չափվելու մրցավազք չի: Ավելին՝ երբ դու քո հաջողությամբ, քո գիտելիքներով և ուրախությամբ կիսվում ես ուրիշների հետ, դրանից ոչինչ չի պակասում, ընդհակառակը՝ ավելանում է: Դրանով ընտանիքներում, մարդկանց տարբեր խմբերում, աշխատանքային կոլեկտիվներում և հասարակության մեջ ընդհանրապես մարդիկ հասնում են համատեղ հաղթանակի, ոչ թե մեկը հաղթում է, մյուսը՝ պարտվում: Բացի ամեն ինչից, նման մտածողությունը համահունչ է այսօրվա հետարդյունաբերական, տեղեկատվական դարաշրջանին: Բարձր տեխնոլոգիաների ոլորտում որքան շատ են մասնագետները, այնքան շատ է աշխատանքը և հետևաբար՝ աշխատատեղերը: Ահա թե ինչու է դա կարևոր մեր փոքր երկրի համար՝ այստեղ հնարավորությունների անսահմանափակ օվկիանոս է»,–գրում է թերթի խմբագիրը։ Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր