6212 դիտում
22:18 12-04-2017
Վճռական ենք ու վստահ, որ հասնելու ենք մեր նպատակին. վարչապետ Կարեն Կարապետյան
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Հոսեյն Սամիեիի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ վարչապետը և ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը քննարկել են 2014-2017 թթ. ԱՄՀ հետ Հայաստանի Հանրապետության ծրագրի ամփոփիչ ստուգման արդյունքները՝ անդրադառնալով Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշներին և տնտեսության զարգացման միտումներին, գործարար միջավայրի բարելավմանը, օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավմանը, հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությանը վերաբերող հարցերի:
Վարչապետը կարևորել է ԱՄՀ-ի հետ փոխգործակցությունը, շնորհակալություն հայտնել մինչ այժմ ցուցաբերված աջակցության համար և անդրադարձել կառավարության հետագա ծրագրերին: Կարեն Կարապետյանը նշել է, որ հարկային ու մաքսային ոլորտում սկսվելու է բարեփոխումների երկրորդ փուլը և այդ հարցում կառավարությունը լինելու է հետևողական: «Բացի այն, որ ունենք սեփական եկամուտների քանակական աճ, այդ ուղղությամբ արձանագրել ենք նաև որակական փոփոխություն՝ ստվերն է բերվում հարկային դաշտ, հրաժարվել ենք կանխավճարներից, ավելին, այն կառույցները, որոնք ունեին երկարատև կանխավճար, այսօր աստիճանաբար մաշեցնում ենք այն: ԱԱՀ-ի վերադաձի հետ կապված ևս ընդունվել են մի շարք որոշումներ, կրճատվել է վերադարձի ժամանակահատվածը և այլն: Հարկային դաշտն ընդլայնելը, ՊԵԿ համակարգում արդար սկզբունքների ներդրումը մեր նպատակն է: Վճռական ենք ու վստահ, որ հասնելու ենք մեր նպատակին»,- ընդգծել է գործադիրի ղեկավարը:
Նշելով, որ կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում օտարերկրյա ներդրումների ներգրավմանը՝ վարչապետն ավելացրել է, որ այդ ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր: Կարեն Կարապետյանը շեշտել է, որ գործադիրը հետևողական է նաև 2017 թվականի պետական բյուջեի կատարողականին և դրանում նախանշված ցուցանիշների պահպանմանը: Անդրադառնալով կառավարության՝ հարկային եկամուտները և դրան համապատասխան կապիտալ ծախսերը 2017 թվականին 50 միլիարդ դրամով ավելացնելու քայլին, վարչապետն ընդգծել է, որ հասկանում են ՊԵԿ-ի առջև դրված ծանր նշաձողը և ավելացրել, որ այդ որոշումը հաշվարկված է:
«Մենք շատ լավ գնահատում ենք այսօրվա վիճակը և տրամադրված ենք բարեփոխումներ իրականացնել բոլոր ոլորտներում, քանի որ ունենք արդյունավետության դեֆիցիտ: Մոտ ժամանակներս մշակելու ենք Հայաստանի զարգացման հնգամյա ծրագիրը, որտեղ ևս ցանկանում ենք նախանշել համարձակ հայտնիշեր»,- ասել է գործադիրի ղեկավարը:
Հոսեին Սամիեին ողջունել է ՀՀ կառավարության՝ բարեփոխումներ իրականացնելու վճռականությունը և ընդգծել, որ ԱՄՀ-ն պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ օժանդակություն դրանց իրականացմանը:
Նմանատիպ նյութեր
1196 դիտում
10:55 03-04-2015
Հենց այդ աշխարհընկալումն են շահագործում մեր քաղաքական գործիչները՝ իրենց նպատակին հասնելու համար. «Առավոտ»
Այս բաժնից
802 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
832 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»