211652_close_icon
views-count2351 դիտում article-date 15:36 08-04-2015

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջայց է կատարել Կենդանաբանական այգում. լուսանկարներ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայցի շրջանակում ծանոթացել է Երևանի կենդանաբանական այգում համայնքային բյուջեի միջոցներով իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին: Հարկ է նշել, որ դեռևս 1940-ական թվականներին մայրաքաղաքում հիմնված Կենդանաբանական այգում առաջին անգամ են իրականացվում վերակառուցման լայնածավալ աշխատանքներ: Տարոն Մարգարյանը, քաղաքապետի տեղակալների հետ միասին, տնօրեն Ռուբեն Խաչատրյանի ուղեկցությամբ նախ այցելել է կառուցվող կենդանաբուժական նոր կլինիկա, որն ինչպես նշել են պատասխանատուները, անհրաժեշտություն էր այգու համար: Այնուհետ Տարոն Մարգարյանը շրջել է ողջ տարածքում, զրուցել շինարարների հետ: Քաղաքապետին ներկայացնելով աշխատանքների ընթացքը՝ այգու տնօրենը նշել է, որ վերակառուցումից հետո Կենդանաբանական այգին բոլորովին նոր ու ժամանակակից տեսքով և հարմարավետ պայմաններով կներկայանա այցելուներին: Այգու բարձրադիր թռչնարան-աշտարակը, որը վերակառուցումից հետո կդառնա կենդանաբանական այգու նոր անցակետը, կունենա տոմսարկղեր և տեղեկատվական կենտրոն: Փոքրիկ այցելուների համար տարածքում կկառուցվի նոր խաղահրապարակ, որն ապահովված կլինի նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների համար նախատեսված ճոճանակներով: Ծրագրով ավարտին կհասցվի նաև խոշոր կատվազգիների համար միջազգային չափորոշիչներին համապատասխան նոր ազատավանդակի կառուցումն ու հարակից տարածքի բարեկարգումը, իսկ կապիկների որոշ տեսակների համար կկառուցվի նոր կղզյակ: Նշվել է նաև, որ զուգահեռ աշխատանքներ են տարվում այգու տարածքի կանաչապատման, անտառային գոտու, ջրային ավազանների ավելացման ու արտաքին լուսավորության և ընդհանուր էլեկտրական սնուցման մալուխների արդիականացման ուղղությամբ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է ամենօրյա հսկողության տակ պահել վերակառուցման աշխատանքների ընթացքն ու սահմանված ժամկետներում ապահովել դրանց ավարտը: Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին այգու վերակառուցման ծրագրի կյանքի կոչման հարցում ցուցաբերվող մշտական հետևողականության համար՝ Ռուբեն Խաչատրյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանի հատկացրած միջոցների շնորհիվ այգին արդեն հնարավորություն ունի իրականացնելու տարբեր հրատապ ծրագրեր: Այգու արդիականացումը լինելու է շարունակական, և առաջիկա տարիներին մյուս ազատավանդակները ևս կհամապատասխանեցվեն միջազգային չափորոշիչներին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+

Նմանատիպ նյութեր