2181 դիտում
12:18 09-04-2015
Տանջամահ եղած հայ կինն իր երեխայի հետ. «100 լուսանկարչական պատմություններ Հայոց ցեղասպանության մասին»
Ռուսական «Искры» պարբերականի 1915 թ. հոկտեմբերի 18-ի համարում տպագրված՝ կոտորածների զոհ դարձած հայ կանանց ու երեխաների երեք լուսանկարներից այս մեկը ներկայացնում է մի դրվագ հայերի ցեղասպանությունից:
Նահատակված կնոջ դիակի կողքին դատարկ սայլեր են. երիտթուրքերի կառավարության հրամանի համաձայն՝ բռնագաղթյալ հայերի այս քարավանը շարժվում էր դեպի աքսորավայր` Միջագետքի անապատներ:
Ի տարբերություն Հոլոքոստի, որի մասին միջազգային լայն հասարակայնությունը երկար ժամանակ որևէ տեղեկություն չուներ, Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի կառավարության կողմից իրագործված հայերի զանգվածային բնաջնջման ծրագրի մասին արդեն 1915 թվականին հրապարակումներ էին հայտնվում հայկական և համաշխարհային մամուլի էջերում:
Կովկասյան ճակատում ռուսական բանակի առաջխաղացումը հնարավորություն տվեց ռազմական գործողությունները լուսաբանող լրագրողներին, ինչպես նաև մամուլին թղթակցող անձանց մուտք գործել տարածքներ, որտեղ բառացիորեն օրեր ու շաբաթներ առաջ տանջում և կոտորում էին հայերին, կողոպտում նրանց ունեցվածքը, հիմնահատակ ավերում հայկական բնակավայրերը:
Շատ արագ մամուլում հայտնվեցին հայերի հանդեպ կատարված թուրքական գազանությունները փաստող լուսանկարներ, որոնք հիմնականում արվել էին օտարերկրացի միսիոներների, ռուս զինվորականների և հայ կամավորների կողմից:
«Կոստանդնուպոլսի հայ պատրիարքը զեկուցել է կաթողիկոսին, որ առ այս պահը Թուրքիայում բնաջնջվել է 850.000 հայ: Ինչպիսի սարսա´փ է փչում այդ սառը թվերից: Անզեն մարդկանց սպանում են, բնաջնջում, ինչպես ճանճերի, միայն այն բանի համար, որ նրանք ձգտում են ազատության... Գերմանացի սպաների աջակցությամբ «սահմանադրական» երիտթուրքերի կողմից մշակված՝ Թուրքիայում համակարգված ի կատար է ածվում հայ բնակչության բնաջնջման ծրագիրը, և շատ հավանական է, որ մոտ ապագայում կգա մի օր, երբ Թուրքահայաստանում չի մնա և ոչ մի հայ»:
«Искры», հոկտեմբերի 18, 1915 թ.
Նմանատիպ նյութեր
8421 դիտում
12:19 17-02-2015
Անապատից հավաքված հայ որբեր. «100 լուսանկարչական պատմություններ Հայոց ցեղասպանության մասին» գրքից
Այս բաժնից
952 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»