211652_close_icon
views-count1074 դիտում article-date 16:11 09-04-2015

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Իտալիայի պաշտպանության նախարար Ռոբերտա Պինոտիի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Իտալիայի պաշտպանության նախարար Ռոբերտա Պինոտիի հետ Պաշտոնական այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարար Ռոբերտա Պինոտիի հետ: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև ռազմական ոլորտում ստորագրված երկկողմ համագործակցության համաձայնագրի շրջանակներում փոխգործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: ՀՀ Նախագահը և Իտալիայի պաշտպանության նախարարը երկուստեք կարևորել են փաստը, որ ռազմական ոլորտում հայ-իտալական համագործակցությունը չի սահմանափակվում երկկողմ ձևաչափով և ընդգրկում է նաև խաղաղապահության ոլորտը. առաջին միջազգային առաքելությունը, որին միացել է Հայաստանը դեռևս 2004թ., ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելությունն է Կոսովոյում, որին հաջորդեցին Աֆղանստանի և Իրաքի առաքելությունները: Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ անցյալ տարվա նոյեմբերից նաև տիկին Պինոտիի անմիջական ջանքերի շնորհիվ, 32 հայ խաղաղապահ ծառայություն են իրականացնում Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի իտալական հրամանատարության ներքո (Շամա զինավանի անվտանգության ապահովում), ինչը, Նախագահի գնահատմամբ, հիրավի կարելի է համարել այս ոլորտում հայ-իտալական համագործակցության հաջողված մեկնարկ։ Հայ-իտալական ռազմական գործակցության օրակարգում կարևորելով նաև կրթության բնագավառը՝ Նախագահ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Իտալիայի կողմից տարիներ շարունակ հայ զինծառայողներին կրթաթոշակներ հատկացնելու հանգամանքը, որի շնորհիվ հայ սպաները բարձր որակի կրթություն են ստանում Իտալիայում: Նախագահը որպես համագործակցության հաջողված օրինակ է բերել Իտալիայի ռազմական ակադեմիայի շրջանավարտ Արտաշես Դանիելյանին, ով Լիբանանում մեր խաղաղապահ զորախմբի հրամանատարն է: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի և Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցերի շուրջ: Հանդիպումից հետո Նախագահ Սերժ Սարգսյանը Իտալիայի պաշտպանության նախարար Ռոբերտա Պինոտիի հետ մասնակցել է պաշտպանության նախարարությունում կազմակերպված տեսակոնֆերանսին, որն անցկացվել է Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո համատեղ խաղաղապահ գործողություն իրականացնող հայ և իտալացի զինվորների հետ: Ջերմորեն ողջունելով սպաներին ու զինվորներին, Նախագահ Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ասել է. «Պարոնայք զինվորներ, սպաներ, ուրախ եմ, որ իմ պաշտոնական այցը Իտալիա մեկնարկում է ձեզ հետ այս յուրահատուկ հանդիպմամբ, ինչը նշանակում է, որ հայ-իտալական հարաբերություններում ռազմական փոխգործակցությունն ունի իր յուրահատուկ տեղը: Թերևս ձեզնից շատերը հիշում են, որ 11 տարի առաջ, ղեկավարվելով անվտանգության ոլորտում կոլեկտիվ պատասխանատվության գիտակցումով, մենք սկսեցինք մասնակցել խաղաղապահ առաքելություններում: Առաջինը Կոսովոն էր և, հաշվի առնելով փորձի հաջողված լինելը, մենք շարունակեցինք այն Իրաքում, Աֆղանստանում և հիմա էլ ձեր անմիջական մասնակցությամբ՝ Լիբանանում: Ուզում եմ հատուկ շեշտել Լիբանանում իրականացվող առաքելության կարևորությունը մեզ համար. Լիբանանը ոչ միայն շատ հեռու պատմական ժամանակներում, այլ նաև հիմա մեզ համար բարեկամ երկիր է: Մենք պարտք ունենք լիբանանցիներին վերադարձնելու, թեև երբեք չենք կարողանա փոխհատուցել այն, ինչը նրանք արեցին ցեղասպանությունից մազապուրծ մեր քույրերի և եղբայրների համար. նրանք ոչ միայն հնարավորություն տվեցին մեր հայրենակիցներին ապրելու իրենց երկրում, այլ նաև պահպանելու իրենց ինքնությունը, ազգային արժանապատվությունը: Ես հպարտ եմ ու մի քիչ էլ հուզված, որ այսօր ճակատագիրն այս հնարավորությունը տվել է մեր զինված ուժերին, և այս հնարավորության անմիջական կատարողները դուք եք: Ես նաև հպարտ եմ, որ իտալացի զինվորականները, իսկ աշխարհին հայտնի է, որ իտալացիները լավ զինվորներ են, լավ սպաներ են, գոհ են ձեր ծառայությունից: Ես շատ ուրախացա, երբ քիչ առաջ Պաշտպանության նախարարն ասաց, որ դուք լավ եք ծառայում: Շնորհակալ եմ: Մենք հայրենիքում հպարտանում ենք ձեզնով ու մեկ անգամ ևս խնդրում ենք հիշել, որ կատարելով կոնկրետ առաքելություն Լիբանանում՝ դուք ձեր ավանդն եք դնում ոչ միայն մեր տարածաշրջանում, այլ ամբողջ աշխարհում խաղաղությունը պահպանելու հարցում, իսկ սա շատ կարևոր առաքելություն է: Մեկ անգամ ևս շեշտում եմ՝ հայրենիքում մենք ձեզնով հպարտանում ենք: Մաղթում եմ, որպեսզի լինեք քաջ, հնարամիտ և խիզախ: Բարի ծառայություն»:

Նմանատիպ նյութեր