211652_close_icon
views-count1583 դիտում article-date 13:36 12-04-2015

Մեր ժողովուրդը ուղղել է եղեռնահար մեջքը եւ նոր կյանք սկսել. Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ սբ. Պետրոսի տաճարում

«Նարեկացի ծնած մեր ժողովուրդը քրիստոնեական հավատքի եւ ազգային ինքնության համար բազում արհավիրքներ է տեսել: Մեկ դար առաջ Օսմանյան Թուրքիայում մեր ժողովրդի հանդեպ իրականացվել է ցեղասպանություն՝ ահռելի ոճիր: Կանխամտածված ծրագրով աննկարագրելի դաժանությամբ սպանվեցին մեկ ու կես միլիոն հայեր: Մեր ժողովուրդը արմատախիլ արվեց իր պատմական հայրենիքից եւ սփռվեց տարբեր երկրներում: Ոչնչացվեց մեր քրիստոնեական դարավոր ժառանգությունը: Ոչինչ սակայն չսասանեց մեր ժողովրդին եւ չհեռացրեց իր սուրբ հավատքից»,-այս մասին քիչ առաջ նշել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը՝ Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում տեղի ունեցած արարողության ավարտին: «Քրիստոնեությունն ունենք ոչ իբրեւ հանդերձ, այլ իբրեւ մաշկի գույն: Մեր ժողովուրդը ուղղել է եղեռնահար մեջքը եւ նոր կյանք սկսել պետականության հովանու ներքո: Վերելքի ուղին մեր ժողովուրդը կերտել է՝ դիմակայելով բազմաթիվ զրկանքների: Այսօր էլ ապրում է Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ եւ պայքարում ԼՂՀ ժողովրդի ազատ կյանքի համար եւ ջանքեր գործադրում՝ հանուն ցեղասպանության համընդհանուր ճանաչման համար»,-ասել է Վեհափառ Հայրապետը՝ ավելացնելով, որ ժամանակին մարդկությունը չկարողացավ կանխել հայոց ցեղասպանությունը եւ ականատեսը եղավ հոլոքոստի, Կամբոջայի եւ Ռուանդայի ցեղասպանություններին: «Այսօր էլ ահաբեկչությունների պատճառով մարդիկ ու ազգեր նեղության մեջ են, հալածվում եւ իրենց կյանքով են վճարում իրենց հավատքի համար: Հավատում ենք, որ հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչումը որպես արդարության իրագործման ազդեցիկ օրինակ, կնպաստի արդար աշխարհի կերտմանը»,-ելույթում մասնավորապես ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Հիշեցնենք, որ Հռոմի Ֆրանցիսկոս Պապի ձեռամբ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ մատուցվեց, որի ընթացքում նաեւ Գրիգոր Նարեկացուն շնորհվեց վարդապետի կոչում:

Նմանատիպ նյութեր