32962 դիտում
09:15 14-04-2015
Ողբերգական ավտովթար՝ Տավուշի մարզի «Իջևանատուն» ռեստորանային համալիրի դիմաց. գլխիվայր շրջված «Վիլիսի» տակից հրշեջները դուրս են բերել երիտասարդ վարորդի դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 04:00-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության, ինչպես նաև Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 126-րդ կմ հատվածում՝ «Իջևանատուն» ռեստորանային համալիրի մոտ, ավտովթար է տեղի ունեցել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի, հրամանատարի տեղակալ Կարեն Մատինյանի և դասակի հրամանատար Սերյոժա Ղալթախչյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ Իջևանի հրշեջ-փրկարարական ջոկատի թիվ 4 խումբը՝ 1 մարտական հաշվարկով՝ խմբի պետ Սարգիս Չարչյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Իջևանի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ Տիգրան Միրզոյանի գլխավորությամբ:
Պարզվել է, որ Դիլիջան քաղաքի բնակիչ, 24-ամյա Տիգրան Սարգսյանը իր վարած «УАЗ» (Վիլիս) մակնիշի 24 ՏՏ 893 համարանիշի ավտոմեքենայով Իջևանից Դիլիջան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդի դին ավտոմեքենայի տակից դուրս են բերել փրկարարներն ու ոստիկանները:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել նույն վարչության քննիչ Սուրեն Գասպարյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ավտոմեքենան ճոպանով և բեռնատար ավտոմեքենայով դարձի են բերել փրկարարներն ու ոստիկանները, որից հետո քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց ոստիկանության Իջևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ավտոմեքենան բարձված էր վառելափայտով:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+