211652_close_icon
views-count860 դիտում article-date 15:07 14-04-2015

Հայկական պատվիրակությունը Քաթարում մասնակցել է «Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության» 13-րդ կոնգրեսին

Քաթարի Պետության մայրաքաղաք Դոհայում ապրիլի 11-13-ին տեղի է ունեցել ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի կազմակերպած «Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության» 13-րդ կոնգրեսի բարձրաստիճան հանդիպումը: Կոնգրեսին բացման խոսքով հանդես են եկել ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը և Քաթարի վարչապետ և ներքին գործերի նախարար Շեյխ Աբդուլլահ բին Նասսեր բին Խալիֆա Ալ Թանին: Կոնգրեսը կազմակերպվում է 5 տարին մեկ անգամ: Միջոցառման նպատակն էր քննարկել ներկա փուլում հանցավորության դեմ պայքարի մարտավարությունը, նպաստել ոլորտում միջազգային համագործակցության զարգացմանը, իրականացնել լավագույն փորձի փոխանակում քրեական արդարադատության բարեփոխումների ոլորտում` օրենքի գերակայության հիմնարար սկզբունքի հիման վրա ամուր և կայուն զարգացող հասարակություն կառուցելու նպատակով: Հայաստանը Կոնգրեսի բարձրաստիճան հատվածում ներկայացրել են ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը և Արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը: Իր ելույթում Ա.Հովակիմյանը հաստատել է ՀՀ հանձնառությունը` շարունակելու բարեփոխումները քրեական արդարադատության ոլորտում, ինչպես նաև միջազգային համագործակցության շրջանակում շարունակել արդյունավետ պայքարը մարդկանց թրաֆիքինգի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ահաբեկչության, կիբեռհանցագործությունների, անդրսահմանային կազմակերպված հանցավորության այլ դրսևորումների դեմ: Ա.Հովակիմյանը առանձնահատուկ շեշտադրել է մարդկության դեմ մեծագույն հանցագործության` ցեղասպանության կանխարգելման, դատապարտման և մեղավորներին պատժելու համար միջազգային համագործակցության անհրաժեշտությունը և այդ գործընթացում ՀՀ բարոյական պարտավորությունը որպես ցեղասպանություն վերապրած ազգի: Ի պատասխան Ադրբեջանի պատվիրակության` Հայաստանի հասցեին հնչեցված անհիմն մեղադրանքներին, ԱԳ նախարարի տեղակալը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ինքն է տնօրինում քաղաքական, սոցիալական, տնտեսական և մշակութային իր իրավունքը՝ իրագործելով ՄԱԿ Կանոնադրության նպատակ հանդիսացող ազգերի հավասար իրավունքների և ինքնորոշման սկզբունքը:

Նմանատիպ նյութեր