29447 դիտում
19:40 14-04-2015
Կենտրոնի դատարանում լավագույն ավանդույթները շարունակվում են. մահվան ելքով վրաերթ կատարած ու փախուստի դիմած վարորդները գրավով ազատ են արձակվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 14-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանի որոշմամբ 1 մլն. դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի բնակիչ Գեորգի Շահինյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված դատարան էր դիմել Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Անդրանիկ Փարսադանյանը, որպեսզի դատարանը ևս 2 ամսով որպես խափանման միջոց կալանքի որոշում կայացնի Գ.Շահինյանի նկատմամբ, ով կասկածվում է 2014 թ-ի դեկտեմբերի 24-ին Երևանում մահվան ելքով վրաերթ կատարելու մեջ, ինչի հետևաքով Երևանի բնակիչ Արա Հախվերդյանը տեղում մահացել էր:
Ի դեպ, նույն դատարանը 600 հազար դրամ գրավ կիրառելով՝ այսօր ևս դատարանից ազատ է արձակել մեկ այլ վարորդի, ով Շենգավիթ վարչական շրջանում մահվան ելքով վրաերթ էր կատարել, որից հետո դիմել էր փախուստի: Նրան հայտնաբերել էին ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության ծառայողները:
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2014/12/24/38146/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 24-ին, մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երևանում:
Ժամը 08:00-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Հրաչյա Քոչար փողոցի թիվ 41 շենքի դիմաց վրաերթ էր տեղի ունեցել:
Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները՝ Երևանի ՃՈ պետի տեղակալ Արման Հակոբյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ Արաբկիրի ոստիկանապետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ:
Ոստիկանները տեղում հայտնաբերել էին Երևանի բնակիչ, 60-ամյա Արա Հախվերդյանի դին, իսկ դիակից մոտ 80 մետր հեռավորության վրա՝ ճանապարհի հանդիպակաց գոտում, հայտնաբերել էին Mercedes Benz Տ 500 L մակնիշի 20 PN 020 համարանիշի ավտոմեքենան, որի թափքն ու դիմապակին վնասված էին և դիմապակու մոտ Արաբկիրի ոստիկանները հայտնաբերել էին մահացածի բջջային հեռախոսը:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել էր Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Անդրանիկ Փարսադանյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 244 հոդվածի (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) հատկանիշներով:
Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ Mercedes-ի մեջ հայտնաբերվել էր նշված ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը, որը գրանցված էր Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի բնակիչ Ալբերտ Շահինյանի անվամբ: Ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել էր նաև 30-ամյա Գեորգի Շահինյանի անվամբ վարորդական իրավունքի վկայական:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+