1154 դիտում
11:00 17-04-2015
Այս քայլերով Եվրամիությունն ու ԱՄՆ-ը Թուրքիային չե՞ն հարկադրում շրջվել դեպի արևելք ու միանալ ԵՏՄ-ին. Հայոց աշխարհ
«Հայոց Աշխարհ». Թուրքիայի վերջին հույսը
«Հայոց Աշխարհ» օրաթերթը գրել է. «Եվրամիության օրենսդիր մարմնի՝ Եվրախորհրդարանի կողմից ապրիլի 15-ին 554 կողմ և ընդամենը 13 դեմ քվեներով ընդունված բանաձևի հստակ ու աներկբա հարցադրումներն ու կոչերը Թուրքիային զրկել են Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում լուրջ զորաշարժի որևէ հնարավորությունից, քանզի միայնակ է մնացել իր համառ ժխտողականության մեջ։
Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մատուցած պատարագից հետո այս բանաձևի ընդունումը հավասարազոր է արևմտյան հանրակցության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի եզրափակիչ հանգրվանի ազդարարմանը։ Սրանից հետո եվրոպական ու կաթոլիկ դավանանքի գրեթե բոլոր երկրները հետևելու են եվրոպական քաղաքակրթության այս երկու հենասյուների օրինակին։
Մի փոքր այլ է ԱՄՆ-ի պարագան, որը, ըստ էության, լինելով Թուրքիայի հանդեպ ներկայումս գործի դրվող համակարգված ճնշման «գլխավոր դիրիժորը», ձևական առումով շարունակում է խուսանավել, համենայն դեպս մինչև Թուրքիայի արտգործնախարարի առաջիկա վաշինգտոնյան այցը։
Սակայն, ինչպես ցույց է տալիս Պետդեպի մամլո խոսնակի պաշտոնակատար Մարի Հարֆի օպերատիվ արձագանքը Եվրոպայում սկիզբ առած Հայկական ցունամիին, ԱՄՆ-ի առնչությամբ խոսքը վերաբերում է ընդամենը նախագահի մակարդակով մեկ բառ արտասանել-չարտասանելուն։
Մնացած ամեն ինչ ընդունվում է ԱՄՆ-ի կողմից. Եվրախորհրդարանի նման կոչ է անում ճանաչել տեղի ունեցածն ու բացել Հայաստանի հետ սահմանները։
Սա նշանակում է, որ Թուրքիան Արևմուտքում տանուլ է տվել իր բոլոր խաղադրույքները, ուստի Արևմուտքի համար ռազմավարական առումով նրան այդ հանրակցության շրջանակներում պահելու խնդիր, ըստ էության, գոյություն չունի։ Խնդիրը միայն այն է, որ առաջիկայում նվազագույնի հասցվեն «ապահարզանի» հետևանքով սպասվող կորուստները։
Այս առումով ոմանք ունեն հետեւյալ մտահոգությունը՝ սրանով Եվրամիությունն ու ԱՄՆ-ը Թուրքիային չե՞ն հարկադրում շրջվել դեպի արևելք ու միանալ Եվրասիական տնտեսական միությանն ու նրա շրջանակներում ստեղծվող կառույցներին։ Այս հարցի պատասխանը հետաքրքրում է ոչ միայն Հայաստանին, այլև ԵԱՏՄ-ի անդամ այլ երկրների, մանավանդ որ օրերս Ղազախստան այցելած Թուրքիայի նախագահը իր ղազախ գործընկերոջից հետաքրքրական «հրավերներ» է ստացել։
Սակայն, կարծում ենք, այս հարցադրման մեջ տեղ է գտել ստեղծված իրադրության բոլոր նրբերանգների ոչ բավարար իմացությունը։
Բանն այն է, որ Թուրքիան մի կողմից ցանկանում է մնալ որպես չափավոր իսլամական ու միաժամանակ իր պատմական հանցագործություններն անտեսող երկիր, մյուս կողմից էլ՝ շարունակել տնտեսական ու քաղաքական գործակցությունն Արևմուտքի հետ։ Ուստի երբ արդեն թվում է, թե եկել է այլ ճամբար փախչելու ժամանակը, ակնհայտ է դառնում, որ հենց Թուրքիան ինքը դա չի ցանկանում» (մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։
Նմանատիպ նյութեր
1855 դիտում
17:58 21-06-2015
Կենսաբանները հայտարարել են, որ սթրեսն է շնաձկանը հարկադրում հարձակվել մարդկանց վրա
2263 դիտում
15:13 03-09-2014
Ալիևը խոստացել է միանալ Թուրքիային Հայոց ցեղասպանության ժխտման դեմ պայքարում
1282 դիտում
10:55 10-04-2015
ԵՏՄ-ում գնաճի տեմպն ակտիվացել է. Հայոց Աշխարհ
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3235 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը