211652_close_icon
views-count1037 դիտում article-date 11:23 17-04-2015

Այսօր Հեմոֆիլիայի միջազգային օրն է. Հայաստանում այդ հիվանդությամբ 282 մարդ կա հաշվառված

1989 թվականից Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ նշվում է Հեմոֆիլիայի միջազգային օրը: Բազմաթիվ երկրներում օրվա շրջանակում կազմակերպվում են միջոցառումներ, որոնք ուղղված են հեմոֆիլիայով տառապող հիվանդների բուժման, դեղորայքով ապահովման և կյանքի որակի բարելավման հետ կապված խնդիրների լուսաբանմանը: Այսօր հեմոֆիլիայով տառապող հիվանդների թիվն աշխարհում կազմում է մոտ 400 հազար մարդ (10 000 տղամարդուց մեկը): Հեմոֆիլիան արյան մակարդման ժառանգական հիվանդություն է: Նման հիվանդների մոտ բացակայում կամ ցածր տոկոս են կազմում արյան մակարդելիության համար պատասխանատու գործոնները: Հիվանդությունը կլինիկորեն արտահայտվում է տարաբնույթ արյունահոսություններով, որոնք բուժօգնության ուշացման դեպքում կարող են բերել մահվան: Արյունահոսությունը հաճախ լինում է հոդերում, մկանային բունոցներում և օրգանիզմի այլ խոռոչներում: Կրկնվող ներհոդային արյունահոսություններն առաջացնում են հոդերի քրոնիկական բորբոքում և հետագայում հոդային դեֆորմացիաներ, ինչը և բերում է հաշմանդամության: Ըստ էության, հակահեմո‎ֆ‎‎իլային պատրաստուկի առկայության դեպքում բուժման ենթակա են հեմո‎‎ֆիլիաների նույնիսկ ծանրագույն ձևերը: Հայաստանի Հանրապետությունում հեմոֆիլիայով տառապող հիվանդներին տրամադրվող բժշկական օգնության շրջանակներում նկատելի է զգալի դրական զարգացում: ՀՀ ԱՆ Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի ռեգիստրում հաշվառված է 282 հիվանդ, որոնցից 82-ը` մինչև 18 տարեկան երեխաներն են: Այսօր արդեն կենտրոնում իրականացվում են արյան տրոմբոֆիլիաներով հիվանդերի ախտորոշում և բուժում: Հեմոֆիլիաների ախտորոշման ճշգրտության հարցում Արյունաբանական կենտրոնը շուրջ 8 տարի համագործակցում է Անգլիայի հեմոֆիլիաների կենտրոնի որակավորման վերահսկիչ (ռեֆերենս) լաբորատորիայի հետ: Այս տարիների համագործակցության արդյունքում Արյունաբանական կենտրոնը գնահատվել է որպես արյան մակարդելիության հիվանդությունների ախտորոշման տարածաշրջանի լավագույն կենտրոն, ինչպես նաև միջազգային որակավորման ճանաչում է ստացել Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի կողմից: Հեմոֆիլիայի կենտրոնը համագործակցում է նաև ԱՄՆ Միննեսոտա նահանգի Միննեապոլիսի Հեմոֆիլիաների և Տրոմբոզների համալսարանական կլինիկայի հետ, որոնց մասնագետները պարբերաբար այցելում են մեր երկիր, կազմակերպվում են սեմինարներ հիվանդների, հարազատների և բուժանձնակազմի հետ:

Նմանատիպ նյութեր