211652_close_icon
views-count4264 դիտում article-date 15:14 15-04-2016

Հայաստանում Հեմոֆիլիայի կենտրոնում հսկվում է հեմոֆիլիայի բոլոր տեսակներով տառապող 248 հիվանդ, որոնցից 65-ը` երեխաներ

«Հեմոֆիլիայով հիվանդների ախտորոշման և բուժման հեռանկարները Հայաստանում» թեմայով գիտաժողովը նվիրված է Հեմոֆիլիայի համաշխարհային օրվան: Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ ԱՆ Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի, Հայկական արյունաբանական ասոցիացիայի, Հեմոֆիլիայով հիվանդների հայկական ասոցիացիայի և «Նովո Նորդիսկ Հեմոֆիլիա» հիմնադրամի ջանքերով: «Առողջապահության համաշխարհային կազմակերպության» (ԱՀԿ) և «Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի» (ՀՀՖ) նախաձեռնությամբ 1989 թվականից նշվում է Հեմոֆիլիայի համաշխարհային օրը: Ապրիլի 17-ը կազմակերպիչներն ընտրել են ոչ պատահական, քանզի այդ օրը ծնվել է Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի ստեղծող Ֆրենկ Շնայբելը: Օրը կոչված է բարձրացնելու արյան մակարդման գործընթացների խախտման հետ կապված ժառանգական հիվանդության վերաբերյալ իրազեկությունը և համաշխարհային հանրության ուշադրությունը սևեռելու այն խնդիրներին, որոնց հետ բախվում են հեմոֆիլիայով հիվանդները: Հայաստանում Հեմոֆիլիայի համաշխարհային օրը նշվում է 2006 թվականից: Հեմոֆիլիան ժառանգական ծանրագույն հիվանդություններից մեկն է՝ պայմանավորված արյան մեջ մակարդման գործոնների պակասով: Հիվանդությունը բնութագրվում է արյան մակարդման խանգարմամբ և արտահայտվում է հաճախակի արյունազեղումներով հոդերում, մկաններում և ներքին օրգաններում: Կենսական կարևորություն ունեցող օրգաններում արյունազեղումները կարող են հանգեցնել հիվանդի մահվան, իսկ հաճախակի արյունազեղումները հոդերում բերում են վաղ հաշմանդամության: Ժամանակակից հնարավորությունները թույլ են տալիս ախտորոշել հեմոֆիլիան դեռևս նորածնային շրջանում: Հիվանդության դեպքերի կեսը կրում է ընտանեկան բնույթ: Ժառանգական մեխանիզմի հետևանքով հիվանդությունն ի հայտ է գալիս տղամարդկանց մոտ: Կանայք հեմոֆիլիայի գենը կրողներն են: Ըստ ԱՀԿ տվյալների` աշխարհում հեմոֆիլիայով տառապում են 400 հազար մարդ: Վաղ տարիքից պակաս գործոնի կանխարգելիչ ներարկումները թույլ են տալիս բացառել արյունահոսությունները, ներհոդային և մկանային արյունազեղումները և կանխել հաշմանդամությունը: Հակահեմոֆիլային պատրաստուկներով բուժումն ունի իր առավելությունները, սակայն դեղորայքի ամբողջ ծավալով ապահովումը թանկարժեք է: Մեկ հիվանդի հակահեմոֆիլային պատրաստուկի տարեկան պահանջարկի արժեքը կազմում է 12000 – 13000 ԱՄՆ դլ: 2003թ. ՀՀ առողջապահության նախարարության և Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի միջև կնքված հուշագրի շրջանակներում ՀՀ ԱՆ Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնին հատկացվում են հակահեմոֆիլային գործոններ: Աջակցում է նաև շվեյցարական «Նովո Նորդիսկ Հեմոֆիլիա» հիմնադրամը, որի տրամադրած դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ձեռք են բերվել լաբորատոր-ախտորոշիչ սարքեր, շարժական սոնոգրաֆ, ստեղծվել է միջազգային չափանիշներին համապատասխան հեմոֆիլիայի բուժական ուղեցույց, ինտերնետային կայք և հիվանդների առցանց ռեգիստր, մակարդելիության լաբորատորիայում ներդրվել են արյան մակարդելիության ժառանգական հիվանդությունների ախտորոշման նոր մեթոդներ, ինչպես նաև արտերկրում վերապատրաստվել են մասնագետներ: Հեմոֆիլիայի կենտրոնում հսկվում է հեմոֆիլիայի բոլոր տեսակներով տառապող 248 հիվանդ, որոնցից 65-ը` երեխաներ: ՀՀ ԱՆ բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը, ողջունելով գիտաժողովի մասնակիցներին, նշեց, որ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով արյունաբանության ոլորտում ամբասիր և արհեստավարժ աշխատանքի համար ՀՀ ԱՆ Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի մի խումբ աշխատակիցներ արժանացան պատվոգրերի:

Նմանատիպ նյութեր