Տավուշում հաջողությամբ զարգանում է ներառական կրթության համակարգը
«Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության Իջևանի տարածքային կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում` Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների հետ: Նորվեգիայի կառավարությունն է, որ ֆինանսավորել է Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում ներառական կրթության ներդրման ծրագիրը: Դոնոր կազմակերպության կողմից այս այցի նպատակն էր գնահատել իրականացված ծրագրի արդյունքները:
ՀԿ նախագահ Սուսաննա Թադևոսյանը ներկայացրեց մինչև այսօր իրականացված աշխատանքներն ու ստացված արդյունքները:
Այն բանից հետո, երբ մարզի դպրոցներն ընդգրկվեցին ներառական կրթության ծրագրում, չկա որևէ երեխա, որը սովորելիս լինի առանձնահատուկ կարիքներ ունեցող երեխաների համար մասնագիտացված դպրոցներում: Նրանք բոլորը սովորում են հանրակրթական դպրոցներում` իրենց հասակակիցների հետ:
Հանդիպման ընթացքում հարց բարձրացվեց, որ ունենալով Տավուշի մարզի հաջողված օրինակը, անհրաժեշտ է այդ մոդելը տարածել հանրապետությունում, և առաջինը պետք է սկսել մայրաքաղաքի դպրոցներից, քանի որ այնտեղ առավել մեծ թվով դպրոցներն են գործում և շահառուների թիվը նույնպես ամենամեծն է: