211652_close_icon
views-count1083 դիտում article-date 10:48 22-04-2015

Շատ կարևոր է, որ ապրիլի 24-ից հետո կանգ չառնենք. ՀԱ

«Երեկ խորհրդարանը արտահերթ նիստ էր հրավիրել հատուկ՝ Ցեղասպանությունը դատապարտող հայտարարության տեքստն ընդունելու նպատակով,- գրել է «Հայոց Աշխարհ» օրաթերթը:- Հիշեցնենք, որ նախագիծը նախորդ քառօրյայում քննարկվել էր, բայց քվեարկության չէր դրվել։ Քանի որ օրակարգում այլ հարց չկար, նիստը տևեց ընդամենը 4 րոպե և ավարտվեց ազգային համերաշխության լիակատար հաղթանակով։ Չհաշված որ ՀԱԿ խմբակցության տեր-պետրոսյանական թևը, ինչպեսև նախապես խոստացել էր, չէր ներկայացել քվեարկությանը։ Դահլիճում չէր նաև Հրանտ Բագրատյանը։ Արդյունքում նիստին մասնակցող 114 պատգամավորներից 113-ը, այդ թվում՝ ՀԱԿ խմբակցությունից Լյուդմիլա Սարգսյանը, Ստեփան Դեմիրճյանը և Նիկոլ Փաշինյանը քվեարկեցին հայտարարության օգտին։ Մեր հարցերին ի պատասխան, թեմային անդրադառնում է ՀՅԴ խմբակցության քարտուղար ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ -Բնականաբար 100-րդ տարելիցի շեմին Ազգային ժողովը չէր կարող չարտահայտել իր դիրքորոշումը, և ինչպես տեսաք, միաձայն ընդունեց հայտարարությունը՝ դատապարտելով և կոչ անելով աշխարհի խորհրդարաններին ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Սա մեր պարտքն էր, որը կատարվեց միաձայնությամբ։ -Ցեղասպանության 100-րդ տարելիցի շուրջ ծավալված և դեռևս ընթացող իրադարձությունները, տարբեր մակարդակներով ընդունված հայտարարությունները, միջազգային լրատվամիջոցների արձագանքներն ի մի բերելով՝ ի՞նչ կասեք. «հայկական ցունամիի» էֆեկտը, որին ձգտում էինք, որից Թուրքիան այնքան սարսափում էր, ստացվե՞ց, ձեր կարծիքով։ -Ըստ էության, մենք մի քանի տարի տեղապտույտի մեջ էինք՝ հայ-թուրքական արձանագրություններն ինչ-որ առումով կասեցրել էին Ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացը։ Թուրքական կողմն անընդհատ շեփորում էր, թե կա երկխոսություն, կան արձանագրություններ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ, և տարբեր երկրների կողմից Ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը կարող է վնասել երկու երկրների երկխոսությանը։ Այս արձանագրությունների ստորագրումից հետո երկու-երեք տարի գործընթացն ինչ-որ չափով սառեցված էր, բայց ի վերջո ակնհայտ դարձավ, որ Թուրքիան արձանագրություններն օգտագործում է իր նախապայմաններն առաջ տանելու համար՝ հայ-թուրքական սահմանի բացումը կապելով և՛ Ղարաբաղյան հիմնախնդրի, և՛ Ցեղասպանության ճանաչման հետ։ Աշխարհը, կարծում եմ, տեսավ և հասկացավ, հատկապես 100-րդ տարելիցի շեմին, որ թուրքական կողմն իր ձգտումների մեջ ազնիվ չէ, և ճանաչման գործընթացը նոր թափ ստացավ։ Վերջին երկու-երեք շաբաթվա լրահոսի՝ միջազգային ամենահեղինակավոր լրատվամիջոցների գլխավոր թեման կարծես թե Հայոց ցեղասպանությունն է։ Վատիկանում Հռոմի պապի մատուցած պատարագից և հայտարարություններից հետո ունենք մի իրավիճակ, երբ ամբողջ աշխարհը սկսում է գիտակցել, որ առանց Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հնարավոր չէ կանխարգելել մարդկության դեմ այս տեսակի ոճրագործությունները։ Շատ կարեւոր է, որ ապրիլի 24-ից հետո կանգ չառնենք՝ կարողանանք արժևորել և նյութականացնել այս արդյունքները։ -Մենք, որպես պետություն, աշխարհասփյուռ հայությունը՝ իր կառույցներով, որքանո՞վ ենք դրան պատրաստ, ստեղծե՞լ ենք այն իրավական հենքը, որին ապավինելով՝ կարող ենք, ինչպես դուք եք ասում, նյութականացնել գիտական, քաղաքական և բարոյական կապիտալը, որ ձեռք ենք բերել տասնամյակների ընթացքում։ Խոսքը վերաբերում է հայկական պահանջատիրությունը հիմնավորող իրավական փաթեթին։ -Միջազգային ճանաչված իրավաբանների կողմից իրավական փաստաթղթերի նախապատրաստման աշխատանքներն ընթացքի մեջ են, բայց սա այնպիսի նուրբ խնդիր է, որ պետք է ունենանք իդեալական փաստաթուղթ, որը անխոցելի կլինի միջազգային իրավունքի տեսակետից» (մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։

Նմանատիպ նյութեր