211652_close_icon
views-count1210 դիտում article-date 11:06 22-04-2015

Էլեկտրաէներգիայի թանկացման համար հիմնավորումներ չկան. ՀԱ

«Վերջերս մամուլում պարբերաբար տեղեկություններ են հայտնվում առաջիկայում էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր թանկացման վերաբերյալ, սակայն իրավասու կառույցները այդ տեղեկությունները չեն հաստատում,- գրել է «Հայոց Աշխարհ» օրաթերթը:- Մասնավորապես նշվում է, թե «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը շուտով էլեկտրաէներգիայի թանկացման մասին հայց կներկայացնի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, որն էլ, ամենայն հավանականությամբ, հայցին դրական ընթացք կտա: Սակայն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ԶԼՄ-ների հետ կապերի դեպարտամենտի ղեկավար ՆԱՏԱԼՅԱ ՍԱՐԱՋՅԱՆԻ տեղեկացմամբ, ընկերությունը որևէ իրավասություն չունի սակագնի փոփոխության վերաբերյալ հայց ներկայացնել հանձնաժողովին. «Մենք ընդամենը կարող ենք ընկերության ծախսերի մասին տեղեկատվություն ներկայացնել, ինչպես շատ այլ ընկերություններ: Որից հետո հանձնաժողովի իրավասությունն է որոշում կայացնել էլեկտրաէներգիայի թանկացման մասին, եթե ներկայացրած ծախսերն ուսումնասիրելուց հետո դրա նպատակահարմարությունն արդարացված լինի»: Նատալյա Սարաջյանի տեղեկացմամբ՝ ընկերությունում առայժմ ծախսերի համապարփակ ուսումնասիրություններ են կատարվում, և հայտնի չէ, թե դրանք երբ կավարտվեն: Սակայն մի բան պարզ է՝ ընկերությունը ինչպես վերջին մի քանի տարիներին, այնպես էլ հիմա մեծ վնասներով է աշխատում, ինչն էլ կարող է ՀԷՑ-ին սնանկացման առաջ կանգնեցնել: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մամուլի քարտուղար ՄԱՐԻԱՄ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք որևէ նախատրամադրվածություն չունեն էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխության առնչությամբ և միայն ՀԷՑ-ի հաշվարկներն ու ծախսերը ստանալուց և 60 օրվա ընթացքում դրանք ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրելուց, վերլուծելուց հետո կկարողանան իրենց դիրքորոշումը հայտնել» (մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։

Նմանատիպ նյութեր