38728 դիտում
13:31 22-04-2015
Արտակարգ դեպք Արարատի մարզում. գայլը հոշոտել է սոցիալապես անապահով ընտանիքին պատկանող ոչխարների մեծ մասին. կատաղած գայլին գոմի մեջ վնասազերծել են գյուղացիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես Արարատի մարզի Արարատ (Դավալու) գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղի բնակիչ, 60-ամյա Հենրիկ Հովհաննիսյանի տղան՝ Հրաչյա Հովհաննիսյանը, առավոտյան մտնելով իրենց պատկանող գոմ՝ այնտեղ հայտնաբերում է գայլի, որն ամբողջովին հոշոտել էր նրանց պատկանող 28 ոչխարների և գառների մի մասին: Գայլը ամբողջովին սատկացրել է 10 գլուխ ոչխար ու գառ, իսկ 8-ին էլ այնպիսի վնասվածքներ է հասցրել, որ գյուղ ժամանած անասնաբույժ Արմեն Մանուցյանը հայտնեց, որ սատկած և վիրավոր գառներն ու ոչխարները պիտանի չեն:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ երբ Հրաչյան մտել է գոմ, գայլը փորձել է հարձակվել նաև նրա վրա, սակայն նա ճիշտ կողմնորոշվելու արդյունքում կարողացել է օգնության դիմել հորը և հարևանին, ովքեր շտապ ժամանել են գոմ և կարողացել են գազազած գայլին վնասազերծել. մի քանի անգամ գյուղատնտեսական գործիքով հարվածներ են հասցրել, որից հետո որսորդական հրացանով կարողացել են սատկացնել գայլին:
Իրավիճակի մասին տեղեկացվել է ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից ժամանել են Արարատի մարզային փրկարար վարչության աշխատակիցները: Օպերատիվորեն ժամանել է նաև գյուղապետ Կարեն Ղազարյանը, Արարատի մարզպետարանից՝ մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանը և անասնաբուժական ծառայության պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Շամո Բաքոյանը, ովքեր ուսումնասիրում են իրավիճակը:
Ինչպես մարզպետարանի պաշտոնյաները, այնպես է գյուղապետը, ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, հնարավորության սահմաններում պետք է օգնության ձեռք մեկնեն տուժած ընտանիքին և իրոք, նրանք պետք է իրենց խոսքը օպերատիվորեն գործի վերածեն, քանի որ ընտանիքը բաղկացած է 12 շնչից և սա նրանց միակ ապրուստի միջոցն էր, ու եթե օգնության ձեռք չմեկնեն, մի օր ականատես կլինենք, թե բանկի աշխատակիցները ինչպես են «սև թուղթ» ձեռքներն առած, «գրոհում» այս ընտանիքի վրա, քանի որ Հովհաննիսյանները վարկով գումար էին վերցրել և ներ էին դրել այս գործում, որովհետև նրանք սիրում են իրենց գյուղը և մտադիր չեն արտագաղթել:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն ասաց, որ դեպքի մասին արդեն տեղեկացվել են. «մեր բնակչին անօգնական չենք թողնի, օգնության ձեռք ենք մեկնելու, որպեսզի բազմանդամ ընտանիքը զգա, որ մարզպետարանն ու գյուղապետարանը իրեն միայնակ չեն թողնում»:
Իսկ անասնաբույժն էլ ասաց, որ հոշոտված ոչխարները պետք է թաղվեն մոտ 5-6 մետր խորության վրա:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+