100240 դիտում
10:28 03-05-2018
Արտակարգ դեպք Արարատի մարզում. կարկուտը ծեծած տեղն է ծեծում. գայլը հոշոտել է սոցիալապես անապահով, բազմազավակ ընտանիքի միակ ապրուստի միջոց գառներին ու ոչխարներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գետազատ գյուղի բնակիչ՝ 36-ամյա Սերգեյ Հովհաննիսյանը առավոտյան ժամը 06։00-ի սահմաններում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու նպատակով դուրս է եկել տանից ու հայտնաբերել է, որ 30-ից ավելի գառների ու ոչխարների մի մասը սատկած են, մի մասն էլ՝ վիրավոր։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Տուժվածը բազմանդամ ընտանիքից է։ Իրենց օրվա հացի գումարը հոգում էին անասնապահությամբ։ Էս գառներով էին հոգում ոչ միայն իրենց խնդիրները, այլև փակում էին բանկերից վերցված վարկը։ Երկրորդ դեպքն է գյուղում՝ գելը հարձակվում ու իր սև գործն է անում։ Գայլ է եղել, թե գայլեր, դեռևս պարզ չէ։ Պարզ է միայն, որ ընտանիքը հայտնվել է ծանր վիճակում ու ճիշտ կլիներ, որպեսզի պատկան մարմինները տուժված գյուղացուն սատար կանգնեն ու օգնության ձեռք մեկնեն»։
Գայլը կամ գայլերը վնասել են գրեթե բոլոր գառներին ու ոչխարներին։ Ու հիմա վիրավոր գառներին ստիպված գուղացիները մորթում են։
Գյուղացիները նաև ասում էին. «Գյուղում, ով օրինական հրացան ուներ, ոստիկանությունից էկան, սաղ հավաքեցին, տարան։ Եթե մի հատ գել մտնի գյուղ ու խփեինք, ապա խոշոր չափով կտուգանեն, թե՝ դուք իրավունք չունեք գայլին խփելու, բայց, որ գելի հարձակման պատճառով մի ամբողջ ընտանիք տուժեց, չգիտենք՝ ով է պատասխան տալու։ Մենք Արարատի մարզպետարանից ու գյուղնախարարությունից խնդրում ենք, որպեսզի օգնության ձեռք մեկնեն ու գոնե փոխհատուցման խնդիրը լուծեն, իսկ դրա հնարավորությունը իրենք հաստատ ունեն։ Մնում է ցանկություն, որպեսզի կանգնեն գյուղացու թիկունքին»։
Գյուղացիները նաև մտավախություն ունեն, որ այս հարձակումով գայլը կամ գայլերը չեն սահմանափակվի. «Նրանք, եթե տեղն արել են, էլի կգան, բայց, որ գան, մենք դրա դեմը չենք կարող առնել։ Գոնե մեզ վերադարձնեն մեր օրինական հրացանները, որպեսզի հնարավորություն լինի՝ գայլերի հարձակման դեպքում կարողանանք մի բան անել»։
Միայն այցելել են Գետազատի գյուղապետարանից, սակայն գյուղապետարանն այդքան միջոց չունի, որպեսզի փոխհատուցի վնասը և մարդկանց հույսը մարզպետարանն ու գյուղնախարարությունն են»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+