211652_close_icon
views-count960 դիտում article-date 21:16 02-05-2015

Ալբանիայում տեղի է ունեցել Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում

Ապրիլի 26-ին Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայի «Մոնդիալ» հյուրանոցում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում` Ալբանահայերի միության պատվավոր նախագահ Ծովասար Չախմախչյանի և քարտուղար Ռենիս Պրիֆտի-Յախանեջյանի կազմակերպմամբ, Փիրանյան և Զախարյան ընտանիքների աջակցությամբ: Միջոցառմանը ներկա են եղել Ալբանիայի տարբեր քաղաքներից ժամանած հայեր, Ալբանիայի հրեական միության, փոքրամասնությունների հարցերով պետական վարչության, համալսարանական և մշակութային շրջանակների ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, լրագրողներ, հաղորդում է ԱԳՆ-ն: Ալբանիայի վաստակավոր պրոֆեսոր Ծովասար Չախմախչյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանությունը վերապրած և Ալբանիայում հանգրվանած հայ ընտանիքների պատմությունը` մատնանշելով ալբանացի ժողովրդի հյուրընկալ վերաբերմունքն ու աջակցությունը: Այնուհետև պրոֆեսոր Չախմախչյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ հանդիսացող անմոռուկի նշանակությունը և խոսել իր ընտանիքի ջանքերով նկարահանվող Ալբանիայի հայերի մասին վավերագրական ֆիլմի մասին: Ներկաները հնարավորություն են ունեցել դիտելու ֆիլմի առաջին հատվածը: Կից սրահում ներկայացվել է Հայոց ցեղասպանության թեմայով լուսանկարների, մամուլի հրապարակումների, Ցեղասպանության հետևանքով Ալբանիայում հաստատված հայ ընտանիքների, ինչպես նաև ալբանահայերի միության ծավալած գործունեության վերաբերյալ լուսանկարների, հայերեն գրքերի ցուցադրություն:

Նմանատիպ նյութեր