211652_close_icon
views-count5458 դիտում article-date 20:44 08-05-2015

Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ Անմահ Պատարագ. ֆոտոշարք

Այսօր Մայիսի 8-ն է: Աշխարհի տարբեր ծայրերում գուցե հասարակ մի օր, բայց Հայաստանում տոն է, այն էլ` եռատոն: Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցում մատուցված Սուրբ եւ Անմահ Պատարագից հետո, Ջերմուկի երիտասարդները ձեռք-ձեռքի բռնած, հպարտ եռագույններով իրենց քայլերը ուղղեցին դեպի Արցախյան զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքար, որտեղ սպասում էին համայնքի բնակչությունը, զոհվածների հարազատները: Զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանին ծաղկեպսակներ և ծաղիկներ դնելուց հետո, մեկ րոպե լռությամբ հարգելով Արցախյան զոհերի հիշատակը, Ջերմուկի հանրակրթական դպրոցների աշակերտները ներկաների առաջ հանդես եկան հայրենասիրական երգերով և բանաստեղծություններով: Երկրապահ կամավորականներին, ինչպես նաև զոհված ազատամարտիկների ծնողներին ուղղված շնորհավորանքի խոսքով հանդես եկան զոհված հերոսների հարազատները, քաղաքի բնակիչները և Ջերմուկի քաղաքապետ՝ Վարդան Հովհաննիսյանը: «Մայիսի 9-ը ոչ միայն Մեծ հայրենական պատերազմի հաղթանակի օրն է, այլեւ Շուշիի ազատագրման օրն ու ԼՂՀ Պաշտպանության բանակի ստեղծման օրը: 1992 թվականի մայիսի 9-ին, Հայ ռազմարվեստի մեջ եզակի ռազմական գործողության իրականացման շնորհիվ, ազատագրվեց հայոց բերդաքաղաք Շուշին՝ որը Ղարաբաղյան ազատագրական պատերազմում արմատական և դեպի հաղթանակ տանող կարևորագույն քայլ էր: Ջերմորեն և սրտանց շնորհավորում եմ բոլորիս Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի կազմավորման օրվա առթիվ, մաղթելով որ հայ մարդու նախանձախնդրությունն ու հավատարմությունն առ հայրենիք երբեք չպակասի: Փա′ռք ու պատի′վ մեր բոլոր հերոսներին...»,- ներկաներին ուղղված շնորհավորական խոսքում նշեց Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը: «Մեզ բախտ վիճակվեց ունենալ այսպիսի անկախություն, այսպիսի հաղթանակ: Աստված պարգևեց այդ տղաներին՝ քաջերին ովքեր կարողացան մեզ համար հաղթանակ կերտել՝ իրենց կյանքի, իրենց՝ արյան գնով եւ մենք պետք է շնորհակալ լինենք հերոսների մայրերին, որ ազգին արժանի հերոսներ են պարգևել »,- ներկաներին ուղղված իր խոսքում նշեց Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցու հոգևոր հովիվ՝ Տեր Գալուստ քահանա Սահակյանը: «Յուրաքանչյուր ազգի հարատևելու նախապայմաններից մեկը ազգային հիշողությունն է, և մենք այսպիսի միջոցառումներով փորձում ենք թարմացնել ազգային հիշողությունը և դրանով նպաստել մեր ժողովրդի, մասնավորապես հայ երիտասարդության միասնությանը և համախմբմանը»,- նշեցին միջոցառման կազմակերպիչները: Կազմակերպված միջոցառումները վերաբերում էին հաղթական հերոսամարտերից մի քանիսին՝ 1945թ. մայիսի 9-ին, 1992 թ. մայիսի 9-ին Շուշիի ազատագրմանը: Անդրադարձ եղավ մայիսյան մյուս հաղթանակներին, քանի որ մայիսը հայոց պատմության ամենապայծառ ամիսն է ՝սկսած հինգերորդ դարից, երբ հայ ժողովրդը կանգնած էր հավատի և ազգային ինքնության կորստի վտանգի առջև, և ամսի 26-ին մեզ պարգևվեց փառավոր Ավարայր։ Այնուհետև , երբ 1918 թ. մենք արդեն կուլ էինք գնում դաժան ու ոխերիմ թշնամուն, և թվում էր ՝ Հայաստանը այլևս փրկվելու ոչ մի հույս չունի, հայոց բանակը, կռվելով աննախադեպ քաջությամբ, Սարդարապատի ճակատամարտում հաղթեց թուրքական 6-7 անգամ գերակշիռ ուժերին։ Հերթական հաղթանակն ու բերկրալի խաղաղությունը հայոց մայրերին այցելեցին 1945թ. մայիսի 9-ին, մեր սուրը, իրապես «փառքով դրեցինք պատյան», մեծ թվով հայ մարշալների, գեներալների և հերոսների սխրագործությունների, ավաղ նաև բազմահազար զոհերի գնով։ Բայց սրանով չընդհատվեց մայիսյան հաղթանակների շղթան… Արցախի քաջորդիները իրենց սուրբ ավյունի և արյան գնով ազատագրեցին հինավուրց հայոց բերդաքաղաքը, անառիկ Շուշին: Միջոցառմանը ներկա էին, համայնքի բնակիչները, Արցախյան զոհերի այրիները: Միջոցառումը կազմակերպվել էր Ջերմուկի երիտասարդական կենտրոնի կողմից, Ջերմուկի քաղաքապետարանի աջակցությամբ: [url=https://www.facebook.com/narmirzoyan/posts/844624725617182?__mref=message_bubble]Նարեկ Միրզոյան[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+

Նմանատիպ նյութեր