211652_close_icon
views-count874 դիտում article-date 15:33 15-05-2015

Հայաստանը հսկայական և գերազանց աշխատանք է կատարել. Թիերի Մանդոն

Մայիսի 14-15-ը Երևանում անցկացվող Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի և Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի շրջանակներում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպում է ունեցել Ֆրանսիայի վարչապետի կրթության հարցերով պետքարտուղարի հետ: Նախարարը շնորհակալություն է հայտնել Թիերի Մանդոնին` գագաթաժողովի մասնակցության համար` ընդգծելով, որ Բոլոնիայի քարտուղարության ղեկավարության էստաֆետը փոխանցվելու է բարեկամ Ֆրանսիային: Արմեն Աշոտյանի խոսքով` Հայաստանի համար մեծ մարտահրավեր էր` ԵՄ անդամ չհանդիսացող երկրում կազմակերպել նման բարձր մակարդակի գագաթաժողով: Նախարարը պատրաստակամություն է հայտնել Ֆրանսիայի հետ կիսվել Հայաստանի փորձով` գագաթաժողովի կազմակերպման, ենթակառուցվածքների, մեթոդաբանության և այլ հարցերով: Արմեն Աշոտյանը նաև գոհունակությամբ ընդգծել է, որ երկու երկրների միջև առկա է բարձր մակարդակի համագործակցություն: Թիերի Մանդոնն իր հերթին նշել է, որ տպավորված է Հայաստանի կատարած աշխատանքով` ընդգծելով, որ հսկայական և գերազանց գործ է կատարվել գագաթաժողովը բարձր մակարդակով անցկացնելու համար, այդ թվում` կազմակերպչական, փաստաթղթերի կազմման համատեքստում: Նա նշել է, որ պետք է ձգտել հասնել Հայաստանի արդեն իսկ սահմանած նշաձողին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանում Ֆրանսիական համալսարանի, ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստումների և այլ հարցերի : Քննարկվել է նաև երկու երկրների կառավարությունների միջև կրթության ոլորտում նոր համաձայնագրի ստորագրման հնարավորությունը ` այն ավելի արդիականացնելու ընդլայնելու նպատակով:

Նմանատիպ նյութեր