211652_close_icon
views-count910 դիտում article-date 16:12 25-05-2015

Շվեդիայի Թագավորության պատվիրակությունը հյուրընկալվել է ՀՀ ՏԿԱԻՆ-ում

Մայիսի 25-ին ՀՀ ՏԿԱԻ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը ընդունեց Շվեդիայի Թագավորության Ուփսալայի նահանգապետ Փիթեր Էդգարդտին, ՀՀ-ում Շվեդիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Մորթեն Էհնբերգին և արտաքին քաղաքականության գծով խորհրդական Մարտին Բրոզեկին, հանդիպմանը ներկա էին նաև՝ Շվեդիայի Թագավորությունում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը և Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Սա Փիթեր Էդգարդտի առաջին այցն էր ՀՀ ՏԱԿԻ նախարարություն, որի ընթացքում քննարկվեցին երկու երկրների մազերի ու համապատասխան նահանգների միջև համագործակցության,մասնավորապես՝ Լոռու մարզի և Ուփսալայի նահանգի միջև բարեկամության հաստատմանն առնչվող հարցեր: ՀՀ ՏԿԱԻ նախարարի և նախարարության անունից ողջունելով հյուրերին՝ Վ. Տերտերյանը համոզմունք հայտնեց, որ սա լավ առիթ է հայ-շվեդական համագործակցությունը որակական նոր մակարդակի բարձրացնելու համար: Վարչատարածքային բարեփոխումների իրականացման հարցում շվեդական փորձը Հայաստանի համար կարող է շատ օգտակար լինել, քանի որ Շվեդիայում երկու անգամ արմատական ռեֆորմներ են իրականցվել անցյալ դարի 50-ական և 70-ական թթ.-ներին: ՏԿԱԻ նախարարի առաջին տեղակալը հատկապես կարևորեց շվեդական Ուփսալա նահանգի և Լոռու մարզի համագործակցությունը, քանի որ այս երկու մարզերը համաչափ են թե’ տարածքի, թե’ բնակչության քանակի հարցում: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ուփսալայի նահանգապետ Փիթեր Էդգարդտը նշեց, որ Հայաստանի հետ արդեն առկա համագործակցությունը ԲՈՒՀ-երի մակարդակում է, ուստի այն ընդլայնելու շրջանակում կարելի է համագործակցել նաև գիտական մակարդակում՝ մասնավորապես՝ գյուղատնտեսության և բնապահպանության գիտական ճյուղերում: Խոսվեց նաև արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտի շուրջ համագործակցության մասին: Վ. Տերտերյանը մասնավորապես նշեց, որ ՏԿԱԻ նախարարության կողմից ներկայումս իրականացվում է Ճգնաժամային կառավարման ապակենտրոնացում, ինչը ենթադրում է արտակարգ իրավիճակներում համայնքներում արձագանքման արդյունավետության բարձրացում, և շվեդական փորձն այս հարցում նույնպես շատ օգտակար կարող է լինել: Հանդիպման ավարտին ՏԿԱԻ նախարարի առաջին տեղակալ Վ. Տերտերյանը հյուրերին ուղեկցեց ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոն՝ ծանոթացնելու վերջիններիս կենտրոնի տեխնիկական հագեցվածությանն ու կառավարման գործընթացի իրականացման մեթոդներին:

Նմանատիպ նյութեր