211652_close_icon
views-count961 դիտում article-date 20:13 26-05-2015

Նախագահն ընդունել է «Տոշիբա մեդիկալ սիսթեմս» ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Սատոշի Ցունակավային

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Տոշիբա մեդիկալ սիսթեմս» ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Սատոշի Ցունակավային: Նախագահը ողջունել է հյուրին և նշել, որ ուրախ է առողջապահության ոլորտում ինովացիոն տեխնոլոգիաների համաշխարհային առաջատար ընկերություններից մեկի՝ «Տոշիբա մեդիկալ սիսթեմս»-ի՝ Հայաստանում գործունեություն ծավալելու և հայկական ընկերությունների հետ համագործակցությունը զարգացնելու մտադրության համար: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ պարոն Ցունակավայի այցը խթան կհանդիսանա փոխգործակցության զարգացման, դրանում նոր ուղղությունների և ծրագրերի ներառման համար: Հանրապետության Նախագահն ընդգծել է, թե հաճույքով է հիշում 2012թ. Ճապոնիա կատարած իր այցը, որի ժամանակ հնարավորություն ունեցավ այցելելու նաև «Տոշիբա» գիտությունների թանգարան, ինչը չափազանց տպավորիչ էր: Հանրապետության Նախագահը տարբեր բնագավառներում հայ-ճապոնական հարաբերությունների զարգացման համար կարևորել է Ճապոնիայի և Հայաստանի դեսպանությունների ակտիվ աշխատանքը: Հանդիպման ժամանակ Նախագահը հյուրին ներկայացրել է Հայաստանում գործարար և ներդրումային բարենպաստ միջավայրը, օտարերկրյա ներդրումների ներգրավման համար մեր երկրում ստեղծված պայմանները, որոնք «Տոշիբա» ընկերության համար ևս կարող են հետաքրքիր լինել: Սատոշի Ցունակավան գոհունակությամբ է ընդգծել, որ Հայաստանում «Տոշիբա մեդիկալ սիսթեմս»-ի գործունեությունն ընդլայնվում է և ընդգծել է, որ իր ղեկավարած ընկերությունը շարունակելու է աջակցություն տրամադրել Հայաստանում առողջապահության զարգացմանը: Նա նշել է, որ ընկերությունը հետաքրքրված է մի շարք այլ ուղղություններով ևս, որոնք ընկերության գործունեության մաս են կազմում, ինչպիսիք են, օրինակ, միջուկային էներգետիկան, սեյսմոլոգիան, զարգացնել համագործակցությունը Հայաստանի հետ և փորձի փոխանակում իրականացնել: ՀՀ Նախագահը և «Տոշիբա մեդիկալ սիսթեմս» ընկերության նախագահը երկուստեք մեծապես կարևորել են առողջապահության ոլորտում արդիական տեխնոլոգիաների կիրառմամբ որակյալ ծառայությունների մատուցման, այդպիսով՝ մարդկանց առողջության պահպանման և կյանքի մակարդակի բարձրացման ուղղությամբ իրականացվող աշխատանքն ու համագործակցության զարգացումը:

Նմանատիպ նյութեր