211652_close_icon
views-count773 դիտում article-date 16:56 30-05-2015

Կկայանա «Հայաստանի գլխավոր թատրոնը» խորագրով գալա-համերգը

Ս. թ. մայիսի 30-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Հայաստանի գլխավոր թատրոնը» խորագրով գալա-համերգը: Համերգային երեկոյի ընթացքում թատրոնի արտիստները կներկայացնեն խաղացանկային ներկայացումներից հատվածներ, կթերթվեն թատրոնի անցած ավելի քան ութսուն տարվա պատմության էջերը: Այս համերգը նաև վերջին մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքների յուրատեսակ հաշվետվություն է: Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ստեղծագործական անձնակազմն իր բարձր կատարողական արվեստը բազմիցս է ներկայացրել Հայաստանի սահմաններից դուրս, միջազգային ասպարեզում՝ հանրահռչակելով հայ դասական կոմպոզիտորական և կատարողական արվեստի նվաճումները: Վերջին տարիներին ծավալել է նաև հանրապետության մարզերի բնակչությանը դասական արվեստին հաղորդակցելու գործունեություն: Ներկայումս Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն ապրում է իր զարգացման շրջանը: Համաշխարհային մեծության օպերային աստղեր, բալետային հեղինակավոր խմբեր մեծագույն հպարտությամբ են ներկայանում հայաստանյան թատրոնի բեմում: Հայաստանի օպերային և բալետային արտիստներն էլ իրենց հերթին պարբերաբար ներկայանում են համաշխարհային լավագույն բեմերում, ինչպես հայ, այնպես էլ համաշխարհային կոմպոզիտորների լավագույն գործերով: Ասվածի վառ ապացույցն է Ա. Խաչատրյանի «Գայանե» բալետի փայլուն ներկայացումը Սանկտ-Պետերբուրգի Մարիինյան թատրոնում, որի մասին ճանաչված բալետային քննադատները բացառապես հիացմունքի խոսքերով են հանդես գալիս: Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն այսօր գործուն քայլեր է անում ընդլայնելու իր խաղացանկը հայ և համաշխարհային օպերային և բալետային գլուխգործոցները հայաստանյան բեմում ներկայացնելու ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր