211652_close_icon
views-count1182 դիտում article-date 22:08 01-06-2015

Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողով Լեհաստանի Կրակով քաղաքում

Մայիսի 30-ին Լեհաստանի Կրակով քաղաքում` Լեհաստանի արվեստների և գիտությունների ակադեմիայում, կայացավ Հայոց ցեղասպանությանը նվիրված «Ցեղասպանություն. դա կատարվել է բազմաթիվ անգամ, սակայն առաջինը հայերի հանդեպ» թեմայով գիտաժողով, որին մասնակցեց նաև Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը: Գիտաժողովը կազմակերպել էին Լեհաստանի արվեստների և գիտությունների ակադեմիայի Արևելյան Եվրոպայի հանձնաժողովը, Կրակովի Յագելոնյան համալսարանի Էթնոլոգիայի և ազգագրագիտության ինստիտուտը և Կրակովի Հայկական մշակութային ընկերակցությունը: Բացման խոսքով հանդես եկան դեսպան Ղազարյանը և Կրակովի Յագելոնյան համալսարանի պրոֆեսոր Քշիշտոֆ Ստոպկան: Այնուհետև Հայոց ցեղասպանությանը վերաբերող ծավալուն զեկույցով հանդես եկավ Փարիզից հատուկ հրավիրված պրոֆեսոր Ռայմոնդ Գևորգյանը: Գիտաժողովի շրջանակներում Լյուբլինից հրավիրված պրոֆեսոր Վլադժիմիերժ Օսադչին ներկայացրեց Լեհաստանի հայ համայնքի երևելի գործիչներից մեկին՝ Լվովի Կաթոլիկ եկեղեցու Արքեպիսկոպոս Յոզեֆ Թեոդորովիչի կյանքին և գործունեությանը վերաբերող նոր հրատարակված գիրքը: Գիտաժողովի ընթացքում «Հայերի ցեղասպանության մշակութային հետևանքները պատմական և ժամանակակից տեսանկյունից» խորագրով քննարկման ժամանակ առանձին զեկույցներով հանդես եկան Կրակովի Յագելոնյան համալսարանի պրոֆեսորներ, դոկտոր Ռենատա Կրոլ Մազուրը, դոկտոր Դորոտա Ժիետեկը, դոկտոր Անդժեյ Ժիետեկը, դոկտոր Յակուբ Օսիեցկին և Լեհաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ազգագրագետ Կոնրադ Սիեկիերսկին: Իրենց հիմնական զեկույցներից բացի, գիտնականները պատասխանեցին նաև գիտաժողովի մասնակիցներին հուզող հարցերին:

Նմանատիպ նյութեր