211652_close_icon
views-count890 դիտում article-date 19:24 02-06-2015

Պրահայում հանդիպել են Հայաստանի և Չեխիայի վարչապետները

Պաշտոնական այցով Չեխիայում գտնվող ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունն այսօր Պրահայում հանդիպում է ունեցել Չեխիայի Հանրապետության վարչապետ Բոհուսլավ Սոբոտկայի հետ: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել երկու երկրների վարչապետների առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը: Չեխիայի վարչապետը շնորհակալություն է հայտնել վարչապետ Աբրահամյանին իր հրավերը ընդունելու և պաշտոնական այցով Չեխիա այցելելու համար. «Համոզված եմ, որ հայ-չեխական հարաբերությունները կարևոր փուլ են թևակոխել, և Ձեր այցը լուրջ ազդակ է, թե Չեխիան ինչ կարևորություն է տալիս Հայաստանի հետ հարաբերությունների սերտացմանը»: Նա ընդգծել է, որ երկու երկրների հարաբերությունների բարելավմանը մեծապես նպաստել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Չեխիա: Շնորհակալություն հայտնելով Չեխիա այցելելու հրավերի, ինչպես նաև ջերմ ընդունելության համար՝ վարչապետ Աբրահամյանը վստահություն է հայտնել, որ այցը լավագույնս կծառայի երկու բարեկամ ժողովուրդների միջև կապերն առավել ամրապնդելու և փոխշահավետ գործակցությանը նոր զարկ տալու համար: «Ուրախալի է արձանագրել, որ վերջին տարիներին Հայաստանի և Չեխիայի միջև հարաբերությունները և քաղաքական երկխոսությունն ակտիվացել են», - ընդգծել է ՀՀ վարչապետը և հավելել, որ դրան մեծապես նպաստել են բարձրաստիճան տարբեր մակարդակի փոխայցելությունները, մասնավորապես, 2014 թ. հունվարին նախագահ Սերժ Սարգսյանի` Չեխիա կատարած պետական այցը: Արժևորելով երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ տնտեսական համագործակցության ծավալները դեռևս զիջում են քաղաքական հարաբերությունների մակարդակին, և պետք է ջանքեր գործադրել առկա մեծ ներուժը լիարժեք օգտագործելու համար:

Նմանատիպ նյութեր