211652_close_icon
views-count1027 դիտում article-date 15:51 04-06-2015

Կառավարությունը կհստակեցնի տրանսպորտային միջոցների հաշվառման գործընթացը

ՀՀ կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր նախկին որոշումներից մեկում, ուժը կորցրած ճանաչել ևս երեք որոշում: Նոր որոշումը թելադրված է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի պահանջներով: Տրանսպորտային միջոցների հաշվառումը կարգավորող նորմերը սահմանված են տարբեր ժամանակ ընդունված մի քանի իրավական ակտերով, ինչը դժվարացնում է ինչպես քաղաքացիների կողմից դրանց կիրառումը, այնպես էլ հաճախ առաջանում են միևնույն գործընթացի տարաբնույթ կարգավորման դեպքեր: Նոր որոշման շնորհիվ կլուծվեն գործնական կիրառման ընթացքում ի հայտ եկած խնդիրները: ՀՀ կառավարության նախկին որոշումներից մեկով պետք է կանոնակարգվեր «Արարատ-Ռեստորան» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող Կառավարական N 2 մասնաշենքում գտնվող շենքի նկուղային և առաջին հարկերը «Տանգո» ՓԲԸ-ին վաճառելու գործընթացը: Նկատի առնելով, որ բաց են թողնվել որոշմամբ սահմանված ժամկետները և փոխվել է անշարժ գույքի հասցեն, կառավարությունն իր որոշմամբ փոփոխություններ է կատարել իր նախկին երկու որոշումներում: Կառավարության ղեկավարը հետաքրքրվել է, թե երբ է շահագործման հանձնվելու կառավարական նոր մասնաշենքը: ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի տեղեկացմամբ սահմանված ժամկետը եկող տարվա գարունն է, բայց մասնաշենքը շահագործման կհանձնվի այս տարվա նոյեմբերին, երբ համալրված կլինի գույքով: Լրացում կատարելով իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, գործադիրը սահմանել է, որ ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից և ՀՀ սահմանամերձ համայնքներում հաշվառված անձանց նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993թ. հունիսի 10-ը ներառյալ ներդրված դրամական ավանդների փոխհատուցման համար ամեն ամիս կնախատեսվեն որոշակի ֆինանսական միջոցներ:

Նմանատիպ նյութեր