1588 դիտում
22:08 11-06-2015
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում իրականացվող աշխատանքներին
Երևանի քաղաքապետարանի 2015 թվականի ծրագրերով իրականացվող շինբարեկարգման աշխատանքների ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան: Աշխատանքային շրջայցի շրջանակում վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետը նախ այցելել է Հ/Ա Բ-1 թաղամասի Բաբաջանյան փողոցի հ. 47 շենքի բակ, հետևել ընթացող աշխատանքներին:
Քաղաքապետին զեկուցվել է, որ աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Բակերի բարեկարգման ծրագիրն իրականացնելու համար բնակիչներն իրենց գոհունակությունն են հայտնել քաղաքապետին` ընդգծելով, որ անհամբերությամբ են սպասում աշխատանքների ավարտին ու բարեկարգ բակ ունենալուն:
Ներկայացնելով բակային տարածքներում ընթացող բարեկարգման համալիր աշխատանքներն ու նախատեսվող ծրագրերը՝ պատասխանատուները զեկուցել են, որ 2015թ. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում նախատեսվում է բարեկարգել 6450 քմ ընդհանուր մակերեսով բակային տարածք: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ամենօրյա հսկողության տակ պահել վարչական շրջանում ընթացող բարեկարգման և կանաչապատման աշխատանքների կատարման որակն ու ընթացքը, որպեսզի դրանք բոլորն ավարտվեն նախատեսված ժամկետներում:
Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնակիչների հետ միասին մասնակցել է Հ/Ա Բ-1 թաղամասի 63 և 65 շենքերի բակի հանդիսավոր բացման արարողությանը: Բակային այս տարածքը ևս դարձել է հանգստի յուրօրինակ գոտի՝ կահավորված նստարաններով, զրուցարաններով ու ժամանակակից խաղային ատրակցիոններով:
Օգտվելով առիթից՝ բակերի բնակիչներն իրենց գոհունակությունն են հայտնել քաղաքապետին՝ տասնյակ տարիներ անխնամ
մնացած բակերի համալիր բարեկարգման լայնամասշտաբ ծրագրերը նախաձեռնելու և կյանքի կոչելու համար:
Վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ Երևանի քաղաքապետն այցելել է նաև թիվ 97 մանկապարտեզի մասնաշենքում գործող վետերանների գրասենյակ, ծանոթացել պայմաններին ու վետերանների առօրյային: Քաղաքապետին զեկուցվել է, որ այս տարվա ծրագրով գրասենյակն ամբողջությամբ բարեկարգվել է, ստեղծվել են հարմարավետ պայմաններ: Ողջունելով Տարոն Մարգարյանին՝ վետերաններն առանձնակի կարևորել են քաղաքապետի կողմից ցուցաբերվող հոգածությունն ու մշտական աջակցությունը:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված քանդակագործական բացօթյա գիտաժողովի փակման արարողությանը: Գիտաժողովի շրջանակում ցեղասպանության թեմայով ներկայացված 7 քանդակները կտեղադրվեն Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի այգիներում և պուրակներում: Ծանոթանալով ներկայացված քանդակներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ դրանք յուրովի դիմագիծ կհաղորդեն վարչական շրջանի հանգստի գոտիներին:
Ամփոփելով շրջայցի արդյունքները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը գոհունակություն է հայտնել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աշխատակազմից, ընդգծելով, որ նկատելի է ամենօրյա հետևողական աշխատանքը:
«Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում իրականացվող լայնածավալ ծրագրերի ընթացքից երևում է, որ թիմն իսկապես ամենօրյա սրտացավ աշխատանք է տանում, ինչը ողջունելի է: Մեզ համար ամենակարևոր գնահատականը մեր բնակիչների գոհունակությունն է, ինչն իր հերթին փաստում է, որ ծրագրերն իսկապես հաջողված են, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատանքներն էլ՝ համակարգված: Ու վստահ եմ, որ այդ հետևողականությունը լինելու է շարունակական: Անշուշտ, մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում էլ դեռ կան լուծումներ պահանջող խնդիրներ՝ կապված բազմաբնակարան շենքերի պահպանման, բակերի բարեկարգման, կանաչապատման ու քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտների հետ, սակայն դրանք, տարեցտարի ընդգրկվելով քաղաքային զարգացման ծրագրերում, հետզհետե լուծումներ կստանան»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Նմանատիպ նյութեր
1632 դիտում
21:30 22-07-2014
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում իրականացված աշխատանքներին
2164 դիտում
18:55 06-07-2016
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում
Այս բաժնից
802 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
829 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»