211652_close_icon
views-count2164 դիտում article-date 18:55 06-07-2016

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային այցի շրջանակում հետևել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տարեկան ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքին: Քաղաքապետը նախ այցելել է վարչական շրջանի մարզադպրոց, որն այս տարի Երևանի քաղաքապետարանի ծրագրով ամբողջությամբ հիմնանորոգվում է: Վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետը շրջել է մարզադպրոցում, ծանոթացել կատարվող աշխատանքներին: Պատասխանատուները, կարևորելով ծրագրի իրականացումը, նշել են, որ այն իսկապես սպասված էր ու անհրաժեշտ: Այցի շրջանակում Տարոն Մարգարյանին է ներկայացվել նաև մարզադպրոցի լողավազանի հարակից տարածքը, որը ևս բարեկարգվելու է: Հարկ է նշել, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության մարզադպրոցներում այսօր մարզվում են ավելի քան 9000 պատանիներ և աղջիկներ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ նախատեսված ծրագրերի իրականացման արդյունքում, ավելի հարմարավետ պայմաններում շուրջ տարին անընդմեջ անցկացնելով իրենց մարզումները, մայրաքաղաքի պատանի մարզիկներն ու մարզուհիներն առավել բարձր արդյունքներ կարձանագրեն ինչպես հանրապետական, այնպես էլ միջազգային առաջնություններում: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում քաղաքապետին ներկայացված հաջորդ ծրագիրը թիվ 89 մանկապարտեզի հիմնանորոգումն էր: Տարեկան ծրագրի շրջանակում այս նախակրթարանում ևս փոքրիկների դաստիարակության ու խնամքի համար կապահովվեն անհրաժեշտ բոլոր պայմանները: Առանձնակի կարևորելով աշխատանքների իրականացումը՝ մանկապարտեզի տնօրենը նշել է, որ նախակրթարանը երբևէ նորոգման չէր ենթարկվել, ինչի անհրաժեշտությունը շատ էր զգացվում: Տնօրենը նաև մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողների գոհունակությունն է փոխանցել քաղաքապետին՝ նախակրթարանների հանդեպ ցուցաբերվող մշտական ուշադրության ու հոգածության համար՝ ընդգծելով, որ հատկապես վերջին տարիներին պայմանների բարելավմանն ուղղված ծրագրերն իսկապես բազմաբնույթ են ու ծավալուն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ իր հերթին մեկ անգամ ևս վստահեցրել է, որ մայրաքաղաքի մանկապարտեզների պայմանների բարելավմանն ուղղված ծրագիրը լինելու է շարունակական, և հարմարավետ պայմաններ են ապահովվելու Երևանի բոլոր մանկապարտեզներում: «160 մանկապարտեզ ունենք Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ և գրեթե բոլոր այդ մանկապարտեզներում հիմնանորոգման խնդիր կար, որոնք կուտակվել էին տասնամյակների ընթացքում: Խնդրին համակարգված լուծում տալու նպատակով վերջին չորս տարիներին մեր կողմից հստակ ծրագիր մշակվեց, որպեսզի Երևան քաղաքի բոլոր վարչական շրջաններում իրականացնենք մանկապարտեզների հիմնանորոգման աշխատանքներ: Տարեցտարի արդյունքը տեսանելի է, ինչը փաստում են հենց մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողներն ու կոլեկտիվը: Ինչպես գիտեք, մանկապարտեզներն անվճար դարձնելուց հետո այսօր շուրջ 30000 երեխա հնարավորություն է ստացել անվճար հաճախել մանկապարտեզ, և մենք անում ենք ամեն ինչ՝ մեր երեխաների համար հարմարավետ պայմաններ ապահովելու ուղղությամբ: Վերանորոգման աշխատանքներին զուգահեռ՝ մենք նաև գույքի թարմացման ծրագիր ենք իրականացնում, ինչը ևս լինելու է շարունակական: Վստահեցնում եմ, որ մի քանի տարի անց Երևան քաղաքում մենք այլևս չենք ունենա չվերանորոգված մանկապարտեզ»,- ընդգծել է քաղաքապետը: Այցի շրջանակում Տարոն Մարգարյանը զրուցել է նաև խոհարարների հետ, ծանոթացել փոքրիկների սննդակարգին: Առանձնակի կարևորելով մանկապարտեզներում սննդի կազմակերպումը՝ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս հանձնարարել է խստորեն պահպանել սննդի որակի բոլոր չափորոշիչներն ու ինչպես կարգն է՝ գործընթացին մասնակից դարձնել նաև ծնողներին: «Վարչական շրջանների համապատասխան բաժինների կողմից ամենօրյա հսկողություն է իրականացվում սննդի որակի ապահովման ուղղությամբ, և ոչ միայն վարչական շրջանի, այլ նաև ծնողական համայնքներին ենք հնարավորություն տվել, որ դառնան այդ գործընթացի մասնակիցը», - նշել է քաղաքապետը: Այցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը եղել է նաև մանկապարտեզի գործող մասնաշենքում, հետևել է երեխաների առօրյային և զրուցել նրանց հետ:

Նմանատիպ նյութեր