19976 դիտում
12:00 14-06-2015
Կասկադյորական ավտովթար Երևանում. 25-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է գազատարին այնուհետև գլխիվայր շրջվելով բախվել ծաղկի խանութի պատին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:20-ի սահմաններում Դավիթ Բեկ փողոցի թիվ 21 տան դիմաց Երևանի բնակիչ, 25-ամյա Գևորգ Կուլիկյանը իր վարած Mercedes C 180 մակնիշի 34 VD 302 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատարի հենասյուներին և երկաթե վանդակաճաղերին, տապալել գազի հաշվիչները և գլխիվայր շրջվելով` բախվել նշված հասցեում գործող ծաղկի խանութի պատին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 3 և 19 հրշեջ փրկարարական ջոկատները, ովքեր փակել են գազի արտահոսքը և հոսանքազրկել են ավտոմեքենան:
Վթարի վայր են ժամանել նաև շտապօգնության բրիգադը, սակայն վարորդը հրաժարվել է բուժօգնությունից:
Վթարի վայր են ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները, ապահովագրական ընկերության ներկայացուցիչը և Գազպրոմ Արմենիա ընկերության աշխատակիցները:
Վթարի մասին տեղեկությունը ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից փոխանցել են ՃՈ հետաքննչական բաժին, որտեղից վթարի վայր է ժամանել հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 66+
66+