101318 դիտում
22:53 19-06-2015
Քրեական անցյալ ունեցող Դոն Պիպոյի ընկեր, Էջմիածինցի պատգամավոր Հրանտը հայհոյանքներով սպառնում է ճանապարհային ոստիկանին. ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. 18 +
Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը բազմիցս հայտարարել է, որ ցանկացած վարորդ, ով կխախտի ճանապարհային երթևեկության կանոնները` անկախ զբաղեցրած դիրքից, պաշտոնից ու վարած տրանսպորտային միջոցից` վարչական պատասխանատվության կենթարկվի:
Այսօր՝ հունիսի 19-ին, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար, Երևան-Աբովյան ավտոճանապարհի Աբովյանի վարչական տարածքում կանգնեցրել են Toyota մակնիշի 098 QQ 11 համարանիշի ավտոմեքենան:
Մինչ ՃՈ աշխատակիցը կկազմեր արձանագրություն, ավտոմեքենայի միջից դուրս է գալիս մի «ծալապակաս» և ներկայանում, որ ինքը պատգամավոր է ու սկսում է հայհոյանքներ տալով` սպառնալ ՃՈ աշխատակիցներին, ասելով. «Էս եքա տռասի վրա էլ ավտո չկար հա կանգնցնելու, դեպուտատին պետքա կանգնցնես` ակտ գրես: Բեսամբ տղա ես էլի դու դառել ըտենց, արա» և էլի վիրավորական արտահայտություններ: Պատգամավորը ընդամենը կիսով չափ է ներկայանում, ինքը դեպուտատ Հրանտն է և իր խոսքերը ավարտում է` հայհոյանքներ ու սպառնալիքներ տալով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հրանտ ներկայացող այդ զայրացած անձը իսկապես պատգամավոր է. Ազգային ժողովի պատգամավոր, «Մուսալեռ» ռեստորանային համալիրի սեփականատեր, 45-ամյա Հրանտ Դավթի Դավթյանն է, ով բնակվում է Վաղարշապատ քաղաքում և համարվում է քրեական հեղինակություն Դոն Պիպոյի մտերիմը:
Ազգային ժողովի նիստերին երբեւիցե խոսք անգամ չասած, ժողովրդի խնդիրներով երբևէ չանհանգստացած մանդատավոր այս պաշտոնյան արհամարում է օրենքը ու մի բան էլ փորձում է ահաբեկել ոստիկաններին, որոնք ընդամենը իրենց ծառայողական պարտականություններն են կատարում:
Քաղաքակիրթ երկրում նման պատգամավորի ձեռքից կվերցնեին մանդատը, խոշոր տուգանքի կենթարկեին, մի քանի տարով կզրկեին մեքենա վարելու իրավունքից:
Գ. Շամշյանի տեղեկություններով` նշված ավտոմեքենան հաշվառված է Վաղարշապատ քաղաքի Բաղրամյան 20 շենքում գրանցված «Մանի Գրանտ»-ի հաշվեկշռում:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը վստահ է, որ ազգընտիրը պատասխան կտա իր պոռոտախոսության և պատգամավորին ոչ վայել պահվածքի համար:
Ներկայացնում ենք տեսանյութը և խնդրում ենք մեզ չմեղադրեք, որ պատգամավորի հայհոյանքները չենք ջնջել, քանի որ եղել են դեպքեր, երբ մեր որոշ վայ օրենսդիրներ հայտարարել են, թել րագրողները մոնտաժված տարբերակով են հանրությանը ներկայացնում իրենց քաջագործությունները` խեղաթյուրելով իրականությունը:
Ներկայացնում ենք օրվա հերոսի կենսագրական տվյալները` վերցված Ազգային ժողովի կայքից:
Ծնվել է 1970թ. օգոստոսի 26-ին Էջմիածնում:
1995թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի հիդրոմելիորացիայի ֆակուլտետը: Ճարտարագետ-հիդրոտեխնիկ:
1995-2001թթ. զբաղվել է մասնավոր գործունեությամբ:
2001թ. «Գրանտ-գրուպ» իրավաբանական անձանց միության նախագահն է:
2011թ. ԲՀԿ անդամ է:
2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:
2009թ. արժանացել է Էջմիածնի քաղաքապետարանի «Էջմիածնի բարեկամ» կոչման:
Ամուսնացած է, ունի երկու զավակ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2110 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)