211652_close_icon
views-count1127 դիտում article-date 22:55 22-06-2015

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես Լեհաստանի Պուլտուսկ քաղաքում

Հունիսի 17-ին Լեհաստանի Պուլտուսկ քաղաքի «Պոլոնիայի տուն» կենտրոնում տեղի ունեցավ «Gallery Mansarda» ճանաչված արվեստի ստուդիայի հիմնադիր, Լեհաստանում բնակվող հայ գեղանկարիչ Գեորգի Ասլանյանի կտավների ցուցահանդեսը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ցուցահանդեսը կազմակերպել էին Ալեքսանդրա Գիեշտորայի անվան Հումանիտար ակադեմիան և «Պոլոնիայի տուն» կենտրոնը: Այն իրականացվում էր Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության և Պուլտուսկի քաղաքապետարանի հովանու ներքո: Միջոցառմանը ներկա էին Լեհաստանում Հայաստանի դեսպան Էդգար Ղազարյանը, Պուլտուսկի փոխքաղաքապետ տիկին Ռոզա Կրասուցկան, Պուլտուսկի Հումանիտար ակադեմիայի ռեկտոր Ադամ Կուսելսկին, «Պոլոնիայի տուն» կենտրոնի տնօրենը, ԼՀ կառավարության և Ազգային ու էթնիկական փոքրամասնությունների համատեղ հանձնաժողովում հայ փոքրամասնության ներկայացուցիչ Էդվարդ Միեր-Յենդժեյովիչը, մտավորականներ, հոգևորականներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ: Ցուցահանդեսի բացմանը ողջույնի խոսքով ելույթներ ունեցան դեսպան Ղազարյանը, փոխքաղաքապետ Կրասուցկան, Հումանիտար ակադեմիայի ռեկտոր Ադամ Կուսելսկին, պրոֆեսոր Թադեուշ Լիվինսկին, հոգևորական Յոզեֆ Գավլիկը, ովքեր իրենց ելույթներում անդրադարձան Հայոց ցեղասպանությանը, գոհունակություն հայտնեցին Գեորգի Ասլանյանին՝ հրաշալի և նրբագեղ նկարների, հայ-լեհական մշակութային կապերի ամրապնդման գործում ցուցաբերած իր դերակատարության և գեղեցիկ միջոցառման կազմակերպման համար: Դեսպան Ղազարյանն, իր ելույթում ընդգծելով հայ և լեհ ժողովուրդների դարավոր ընդհանրություններն ու մշակութային կապերը, նշեց նաև, որ Լեհաստանում բնակվող մեր հայրենակցի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գեղեցիկ այս ցուցահանդեսն իր խորհուրդն ունի և դա հայ ժողովրդի ոչ միայն սեփական երկրում, այլև դրա սահմաններից դուրս ապրելու, արարելու, արժեքներ ստեղծելու և այն բոլորին ծառայեցնելու ուժի ու կարողության խորհուրդն է:

Նմանատիպ նյութեր