211652_close_icon
views-count1207 դիտում article-date 21:58 17-11-2015

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես Լեհաստանի Խելմ քաղաքում

Նոյեմբերի 15-ին Լեհաստանի Խելմ քաղաքում պաշտոնապես բացվեց Լեհաստանում բնակվող հայ գեղանկարիչ Հովհաննես Ղազարյանի «Վերածնունդ» խորագրով անհատական ցուցահանդեսը, որը կազմակերպվել է Լեհաստանում Հայաստանի դեսպանության հովանու ներքո: Հովհաննես Ղազարյանի ստեղծագործական գործունեության 30-ամյակի տարում բացված ցուցահանդեսը հեղինակը նվիրվել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը մասնակցեցին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Խելմի և հարակից բնակավայրերի համայնքների տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ, արվեստի, գրականության գործիչներ, հեղինակավոր մտավորականներ, լրագրողներ և այլն: Ի հիշատակ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության անմեղ զոհերի` միջոցառումը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ: Դեսպան Ղազարյանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց Հովհաննես Ղազարյանին նրա ստեղծագործական բազմամյա գործունեության հոբելյանական ցուցահանդեսը իր ժողովրդին և նրա 100-ամյա ողբերգության տարելիցին նվիրելուն: Դեսպան Ղազարյանը շնորհակալությամբ նշեց, որ լեհ ժողովուրդը մշտապես եղել է հայ ժողովրդի կողքին` հիշեցնելով նաև, որ Լեհաստանի Սեյմը դեռ 2005 թվականին ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Գեղանկարիչ Հովհաննես Ղազարյանը, իր հերթին, նշեց, որ այս ցուցահանդեսը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրելով, նա փորձել է իր համեստ ավանդը բերել այս տարի ողջ աշխարհում տեղի ունեցած հազարավոր միջոցառումների կազմակերպման և ցեղասպանության Սուրբ նահատակների ոգեկոչման հայրենանվեր և մարդասեր գործին: Նա նաև շնորհակալություն հայտնեց Լեհաստանում ՀՀ դեսպանությանը ցուցահանդեսի հովանավորության, ինչպես նաև ցուցահանդեսի բացմանը դեսպանի մասնակցության համար:

Նմանատիպ նյութեր