211652_close_icon
views-count1045 դիտում article-date 21:36 23-06-2015

Նախագահն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԱՀՀ տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը և ԱՀՀ տնօրենների խորհրդի անդամ Րաֆֆի Քասարջյանը: Զրուցակիցներն անդրադարձել են համահայկական կարևորություն ունեցող օրակարգային հարցերին, դրանց լուծման ուղղությամբ Հայաստանի իշխանությունների և արտերկրում հայկական տարբեր կազմակերպությունների, քաղաքական ուժերի, ինչպես նաև Հայաստանի բարեկամների կողմից գործադրվող ջանքերին, դինամիկ զարգացող հայ-ամերիկյան հարաբերություններին, դրանց ամրապնդման ու խորացման հնարավորություններին և մի շարք այլ հարցերի: ՀՀ Նախագահը և ԱՀՀ ներկայացուցիչները համակարծիք են եղել, որ ընթացիկ տարում համայն հայության համար կարևոր՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումների շարքը հնարավոր դարձավ Հայաստանում և աշխարհի տարբեր երկրներում անցկացնել շատ բարձր մակարդակով՝ միասնական ջանքերի և համախմբվածության շնորհիվ: Սերժ Սարգսյանը և ԱՀՀ հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանը մեծապես կարևորել են աշխարհի տարբեր անկյուններում անցկացված այդ միջոցառումները՝ Վաշինգտոնի ազգային տաճարում կայացած՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված միջկրոնական աղոթքից ու Վատիկանում Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից Սուրբ Պետրոսի տաճարում մատուցված պատարագից մինչև Երևանում և արտերկրի հայաշատ բազմաթիվ քաղաքներում տեղի ունեցած միջոցառումները: Հանրապետության Նախագահը ողջունել և բարձր է գնահատել Ամերիկայի հայկական համագումարի ու բոլոր այն հայկական կազմակերպությունների, կառույցների և անհատների ազգանվեր գործունեությունը, ովքեր մասնակցում են Հայաստանի զարգացմանը և հայությանը հուզող հարցերի լուծմանը: ԱՀՀ հոգաբարձուների խորհրդի համանախագահը վստահեցրել է, որ համագումարն այսուհետ էլ շարունակելու է համագործակցել բոլոր հայկական կազմակերպությունների ու քաղաքական ուժերի հետ՝ ի նպաստ Հայաստանի և համայն հայության: Նա նշել է, որ Համագումարը պատրաստակամ է նոր նախաձեռնություններով ու գաղափարներով առաջ մղելու և ավելի խորացնելու հայ-ամերիկյան բարեկամական ու գործընկերային հարաբերությունները: Այդ համատեքստում անդրադարձ է եղել երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին: Զրուցակիցները կարևորել են ս.թ. մայիսին ՀՀ Նախագահի Միացյալ Նահանգներ այցի շրջանակներում ստորագրված Առևտրի և ներդրումների մասին շրջանակային համաձայնագիրը, որը բարենպաստ դաշտ կստեղծի փոխադարձ առևտրի և Հայաստանում ամերիկյան նոր ներդրումների ներգրավման համար: Նախագահ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել հայ-ամերիկյան քաղաքական երկխոսության ներկայիս մակարդակը, ընդգծելով, որ երկու երկրները ամուր գործընկերային հարաբերություններ ունեն թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթություններում: Նախագահը շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգների կառավարությանը՝ Հայաստանի տնտեսական զարգացմանը, տարբեր ոլորտներում բարեփոխումներին, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացմանը տարիներ շարունակ ցուցաբերվող ԱՄՆ աջակցության համար՝ միտված ՀՀ պետականության ամրապնդմանը: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել նաև ԱՄՆ դերակատարումը տարածաշրջանային անվտանգության և կայունության պահպանման գործում, այդ թվում ԱՄՆ-ի` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի, ակտիվ ներգրավվածությունը ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում:

Նմանատիպ նյութեր