211652_close_icon
views-count956 դիտում article-date 21:56 26-06-2015

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Վրաստանի Արդարադատության ու Պատիժների կատարման և պրոբացիայի նախարարներին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հունիսի 26-ին ՀՀ արդարադատության նախարարի ուղեկցությամբ Վրաստանի Արդարադատության ու Պատիժների կատարման և պրոբացիայի նախարարները Հայաստանում աշխատանքային այցի ավարտին այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Վեհափառ Հայրապետը, ողջունելով հյուրերին, իր ցավակցությունն է հայտնել Վրաստանի աղետալի ջրհեղեղի վերաբերյալ՝ նշելով, որ հետևել են դեպքերին՝ աղոթելով զոհվածների հիշատակի և վիրավորների շուտափույթ ապաքինման համար: Վեհափառը կարևորել է հարևան եղբայրական, քրիստոնյա Վրաստանի հետ առկա բարեկամական ջերմ հարաբերությունները և դրանց զարգացմանն ու խորացմանը նպաստող տարբեր ձևաչափերի միջոցառումները՝ գոհունակություն հայտնելով մասնավորապես արդարադատության ոլորտում երեք նախարարությունների միջև ձևավորված սերտ հարաբերությունների և զարգացող համագործակցության առիթով: Զրույցի ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ–ն անդրադարձել է Վրաստանի հայ համայնքի հավատավոր զավակների հոգևոր կյանքի կազմակերպմանն առնչվող որոշ խնդիրների, այդ թվում՝ հայկական եկեղեցիները Վիրահայոց թեմին վերադարձնելու հարցին: Հանդիպման վերջում Նորին Սրբությունն, ներկաներին տալով իր հայրապետական օրհնությունը, ողջույններ է փոխանցել Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդին:

Նմանատիպ նյութեր