211652_close_icon
views-count1068 դիտում article-date 18:48 26-06-2015

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ցավակցական հեռագիր է հղել՝ Կաթողիկոս Պատրիարք Ներսես Պետրոս Տասնիններորդի մահվան կապակցությամբ

Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարք Ներսես Պետրոս Տասնիններորդի վախճանի տխուր լուրը խոր ցավով է համակել մեր բոլորի սրտերը։ Հանձինս նրա՝ հայ ժողովուրդը կորցրեց պատկառելի հոգևոր առաջնորդի, հայրենանվեր ազգային գործչի և խոհեմ մտավորականի։ Լինելով Քրիստոսի հավատի և ազգային վեհ գաղափարների նվիրյալ՝ երջանկահիշատակ Կաթողիկոս Պատրիարքն իր ողջ կյանքի ընթացքում անմնացորդ ծառայեց եկեղեցու և հարազատ ժողովրդի բարօրությանը։ Նշանակալից են նրա անձնական ջանքերը Սփյուռքում հայ հոգևոր և ազգային արժեհամակարգի պահպանման, ինչպես նաև այն միջազգային հանրությանը հասու դարձնելու գործում։ Դեռևս բոլորովին թարմ են հիշողությունները Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրերին նրա ծավալած նպատակասլաց գործունեության մասին։ Դիվանագիտական աշխատանքիս բերումով բարեբախտություն եմ ունեցել Ներսես Պետրոս Պատրիարքին մոտիկից ծանոթանալու ավելի քան քառորդ դար առաջ, երբ նա դեռևս Եգիպտոսի Հայ կաթողիկե համայնքի առաջնորդն էր։ Այն օրերից սկզբնավորված մեր անկեղծ բարեկամությունն ամրապնդվել է համազգային խնդիրների շուրջ սերտ և շարունակական համագործակցությամբ։ Եգիպտոսում, Լիբանանում, Վատիկանում, Իտալիայում, Ֆրանսիայում, Հայաստանում և այլուր մեր բազմաթիվ շփումների ու զրույցների ընթացքում ամեն անգամ նորից ու նորից ինձ համար բացահայտվել են այդ բացառիկ անձնավորության բնատուր շնորհները՝ անկրկնելի ազնվաբարո ու հեզ խառնվածքը, խորաթափանց միտքն ու անսահման մարդասիրությունը։ Դժվար է այժմ համակերպվել այն մտքի հետ, որ նա այլևս մեզ հետ չէ։ Կաթողիկոս Պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ Թարմունիի բարի անունն ու արդար գործերը միշտ վառ կմնան հայ ժողովրդի հիշողության մեջ։

Նմանատիպ նյութեր