211652_close_icon
views-count1130 դիտում article-date 10:53 02-07-2015

Եթե աուդիտորի առջև դրվելու են միայն այս երկու հարցերը, ապա համոզված եղեք, որ ոչինչ չի պարզվի. 168 Ժամ

Ներկայացնում ենք ծավալուն հոդվածը հատվածաբար. «Ինչպես արդեն մամուլում գրվել է, ՀԷՑ-ի ամենամյա ֆինանսական հաշվետվությունների աուդիտն իրականացնում է «Ernst & Young» ընկերությունը: Այն հանդիսանում է աուդիտորական մեծ քառյակի անդամ, այսինքն՝ շատ լուրջ ընկերություն է: Այս ընկերությունը ՀԷՑ-ի ֆինանսական հաշվետվությունների դրական եզրակացություն է տվել վերապահումով: Իսկ ֆինանսների ոլորտին առնչվող մարդիկ գիտեն, որ «վերապահում» բառը նշանակում է բավականին խորը խնդիրներ: EY-ը նշել էր, որ հաշվետվությունների մեջ կան խեղաթյուրումներ: Վերապահումով դրական կարծիքը հիմնված է այն փաստի վրա, որ ընկերությունը 2013թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ խախտել էր վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և «Վնեշէկոնոմբանկի» հետ համապատասխանաբար 2009թ. ապրիլի 20-ին և 2009թ. հունիսի 17-ին կնքված պայմանագրերի վարկային սահմանափակող պայմանները, ինչը հանդիսանում է պարտավորությունների չկատարում: Հետևաբար, բանկերը կարող էին պահանջել պայմանագրով նախատեսված վարկի կամ դրա մի մասի վաղաժամկետ մարում՝ հաշվեգրված կամ վճարման ենթակա տոկոսների հետ միասին: Ելնելով վերոնշյալից՝ 2013թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ տվյալ վարկերը պետք է դասակարգվեին՝ որպես ընթացիկ, քանի որ ընկերությունը չուներ անվերապահելի իրավունք՝ հետաձգել դրանց մարումը մինչև հաշվետու ամսաթվից հետո 1 տարի և ավել ժամկետը: 2013թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ Ընկերությունը 18,045,165 հազար ՀՀ դրամի վարկերը դասակարգել է որպես ոչ ընթացիկ պարտավորություններ, որն իրենից ներկայացնում է ՀՀՄՍ 1 «Ֆինանսական հաշվետվությունների ներկայացում» ստանդարտից հրաժարում»,-նշված է Ernst & Young-ի աուդիտորական եզրակացության մեջ (2015թ. փետրվարի 13): Աուդիտորն այսքանից ավելի չէր խորացել և փակագծերը չէր բացել: Ոչ թե այն պատճառով, որ չի կարող կամ չի ուզում, այլ պարզապես՝ ի սկզբանե աուդիտի սահմանները եղել են այդքանը: Իսկ հետագա աուդիտի սահմանները պետք է որոշել ինքնուրույն։ Հունիսի 27-ին տեղի ունեցած հայտնի խորհրդակցության ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսելով ՀԷՑ-ի աուդիտի մասին ասաց. «Առաջարկում եմ՝ ընտրել աշխարհում էներգետիկայի ոլորտում մեծ փորձ ունեցող և մեծ հեղինակություն վայելող որևէ միջազգային խորհրդատվական ընկերություն, հարկ կա. այդ ընտրության ժամանակ ներգրավենք նաև բողոքի ակցիայի ակտիվ տղաներից մի քանիսին, և այդ ընկերությանը հանձնարարենք աուդիտորական ընկերության ներգրավմամբ պատասխանել հետևյալ հարցերին՝ ինչքանո՞վ էր հիմնավորված սակագնի բարձրացումը, և սակագնի չբարծրացման դեպքում ինչպիսի՞ վտանգներ են սպառնում էներգետիկ համակարգին»: Եթե աուդիտորի առջև դրվելու են միայն այս երկու հարցերը, ապա համոզված եղեք, որ ոչինչ չի պարզվի: Առավելևս, որ Ս.Սարգսյանն արդեն անուղղակիորեն ուղղորդում է՝ նշելով. «Ես խորապես համոզված եմ, որ սակագնի բարձրացումն արդարացված է»: Մեզ պետք չէ աուդիտ, որը կպատասխանի միայն այս երկու հարցին: Ամենայն հավանականությամբ, անկախ աուդիտորական եզրակացությունը կհաստատի, որ սնանկացման եզրին կանգնած ՀԷՑ-ի փրկությունը սակագնի բարձրացումն է: Սակայն շատ ավելի կարևոր հարց է՝ ինչի՞ պատճառով է ՀԷՑ-ը կանգնել նման խնդիրների առաջ: Արդյո՞ք նշված պատճառներից բացի (էներգմատակարարման սխեմայի խախտում, փոխարժեք և այլն), այլ պատճառներ չկան: Մեզ պետք է աուդիտ, որը, նախագահի նշած 2 հարցերից բացի, կպատասխանի նաև հետևյալ հարցերին՝ 1. Որքանո՞վ է արդյունավետ եղել ՀԷՑ-ի մենեջմենթը: 2. Ինչի՞ պատճառով է մոնոպոլիստ ընկերությունը հայտնվել սնանկության շեմին: 3. Եղե՞լ են արդյոք ֆինանսական խարդախություններ, և ի՞նչ դեր են դրանք ունեցել այս ամենի մեջ: Այսինքն՝ մեզ պետք է շատ խորը ու լայնածավալ ուսումնասիրություն: Ոչ միայն մեզ, այլև ՀԷՑ-ի ներկա ու, ինչո՞ւ ոչ, ապագա հնարավոր սեփանակատերերին»,–գրում է թերթը։ Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր