ԱԱԾ-ն բավական երկար ժամանակ գաղտնալսել է Արա Բուդաղյանի և մյուսների հեռախոսները. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ կատարված մահափորձի գործով կալանավորված չորս անձանցից մեկը՝ Հենրիկ Ավագյանը, խոստովանել է, որ ինքն է կրակել մարզպետի ավտոմեքենայի ուղղությամբ, գրում է «Ժողովուրդ» թերթը:
Այնուհետև թերթը շարունակում է. «Մեր տեղեկություններով, նա ասել է, որ վախեցնելու նպատակով է կրակել Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ»:
Թերթը հիշեցնում է, որ Հենրիկ Ավագյանից բացի, այս գործով կալանավորվել են նաեւ Արա Բուդաղյանը, Գարեն Աթաջանյանը եւ Վիտալի Մինասյանը: Վերջին երկուսին մեղադրանք է առաջադրվել՝ պատվերով սպանության փորձին օժանդակելու եւ ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք ձեռք բերելու հատկանիշներով: Արա Բուդաղյանը մեղադրվում է սպանության փորձի դրդելու մեջ:
«Բոլոր երեքն էլ իրենց մեղքը չեն ընդունում: Մեր տեղեկություններով, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բավական երկար ժամանակ գաղտնալսել է նշված անձանց հեռախոսները, եւ հենց հեռախոսազրույցների հիման վրա էլ նրանց կալանավորել են», հավելել է թերթը:
Մանրամասները՝ այսօրվա համարում: