211652_close_icon
views-count7658 դիտում article-date 12:42 08-07-2015

Երկար լռությունից հետո Բիբինը հայտնվեց եւ խոսեց

Մենք չենք կարող մեր կորուստներից դուրս վճարել: Այս մասին այսօր՝ հուլիսի 8-ին ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում ասել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Եւգենի Բիբինը: Նա նաեւ նշել է, որ էլեկտրաէներգիայի տեխնոլոգիական կորուստների հաշվարկի մեթոդիկան կատարյալ չէ: Իսկ ՀԾԿՀ մոնիտորինգի վարչության պետ Աբգար Բուդաղյանն էլ նշեց, որ ՀԷՑ-ի առաջարկը կքննարկվի 1-2 ամսվա ընթացքում: ՀԷՑ-ը նաեւ զեկույց ներկայացրեց, սակայն այն ներկայացրեց ոչ թե ՀԷՑ-ի տնօրեն Եվգենի Բիբինը, այլ ՀԷՑ-ի սակագնային քաղաքականության բաժնի ներկայացուցիչը: Ներկայացվեց ՀԷՑ-ի ներդրումային քաղաքականությունը, թե որքան ներդրումներ են արվել և որքան դեռ պետք է անեն՝ էներգամատակարարում ապահովելու համար: Բիբինն էլ նշեց, որ ՀԾԿՀ ուշադրությանն է ներկայացված ներդրումային ծրագիրը, որն ունի սուղ ժամանակ` իրագործվելու համար եւ հույս հայտնեց, որ ՀԷՑ-ը կիրականացնի այդ ներդրումային ծրագիրը: Դրանից հետո ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանն ՀԷՑ-ի ներդրումային ծրագիրը դրեց քվեարկության, որն ընդունվեց: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ներկա պահին ցերեկը ՀԷԿ սակագինը կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամ է, իսկ գիշերը՝ 31.85 դրամ, այնինչ ՀԷՑ-ը պահանջում է ՀԷԿ-ի սակագինը բարձրացնել մինչև 58 եւ 48 դրամ: Ավելի ուշ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ այն կթանկանա 6.93 դրամով, ինչին հաջորդեցին բողոքի զանգվածային ցույցերը, որից հետո ՀՀ իշխանությունները հայտարարեցին, որ թանկացված վճարները քաղաքացիները չեն վճարի, այլ կառավարությունը կփոխհատուցի մինչեւ աուդիտի անցկացումը:

Նմանատիպ նյութեր